ՀՈԲ 32

32
Եղիուսի խոսքը
1Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։
2Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։
3Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։
4Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։
5Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։
6Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։
7Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։
8Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։
9Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։
10Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։
11Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։
12Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։
13Միայն թե չասեք՝ “Իմաստություն գտանք. Աստվա՛ծ կարող է հաղթել նրան, ոչ թե մարդը”։
14Նա իր խոսքերն իմ դեմ չշարեց. ես էլ ձեր խոսքերով չեմ իրեն պատասխանելու»։
15Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։
16«Ես սպասեցի, մինչև որ այլևս չէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։
17Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։
18Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։
19Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։
20Ասեմ, որ հանգստանամ, շրթունքներս բաց անեմ ու պատասխանեմ։
21Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։
22Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 32: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք