ՀՈԲ 31

31
1«Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ։
2Եվ Աստծուց՝ վերևից, ի՞նչ բաժին կա, ի՞նչ ժառանգություն Ամենակարողից՝ բարձրերից։
3Չէ՞ որ ամբարիշտի համար կորուստ կա, և անօրենություն գործողների համար՝ աղետ։
4Չէ՞ որ նա իմ ճանապարհները տեսնում է և իմ բոլոր քայլերը հաշվում։
5Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,
6Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը։
7Եթե իմ ոտքը ճանապարհից խոտորել է, իմ սիրտը հետևել է իմ աչքին, և իմ ձեռքերին մի արատ կպել,
8Թող ես սերմանեմ, բայց ուրիշն ուտի, և իմ աճեցրածներն արմատախիլ արվեն։
9Եթե սիրտս մի կնոջ նկատմամբ մոլորվել է, ու ես իմ հարևանի դռանը դարանամուտ եմ եղել,
10Թող իմ կինն ուրիշի համար աղորիք պտտի, և նրա վրա ուրիշները թեքվեն։
11Որովհետև դա պղծագործություն է և դատավորների կողմից դատելի հանցանք։
12Որովհետև դա մինչև տարտարոսը լափող մի կրակ է, որ իմ ամբողջ աճեցրածն արմատից կխլի։
13Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել,
14Այն ժամանակ ես ի՞նչ կանեմ, երբ Աստված վեր կենա, ու երբ նա քննի, ես ի՞նչ պատասխան կտամ։
15Չէ՞ որ որովայնում ինձ ստեղծողն է նրան ստեղծել, ու մեզ արգանդում պատրաստողը մեկն է։
16Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել,
17Եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել
18(Որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել՝ իբրև հոր մոտ, ու մորս արգանդից նրան առաջնորդեցի),
19Եթե մեկի եմ հանդիպել՝ առանց հագուստի, որ կորսվելու վրա է, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի,
20Եթե նրա երանքներն ինձ չեն օրհնել, ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել,
21Եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում#31.21 Բռց. դռան մեջ։ պաշտպան ունեմ,
22Թող իմ թևն ուսիցս վայր ընկնի, և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։
23Որովհետև ես սարսափում էի Աստծու դատաստանից. չեմ կարող կանգնել նրա մեծափառության դիմաց։
24Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես,
25Եթե ես ուրախացել եմ, որ ունեցվածքս շատ է, և ձեռքս առատություն է գտել,
26Կամ եթե արևին եմ նայել փայլելիս և լուսնին՝ պայծառությամբ գնալիս,
27Կամ սիրտս թաքուն խաբվել է նրանց պաշտելու, ու բերանս ձեռքս համբուրել՝ որպես մեծարանք նրանց
28(Սա էլ դատավորների կողմից դատելի հանցանք է, որովհետև ուրացած կլինեի Աստծուն՝ ի վերուստ),
29Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել
30(Այլ նույնիսկ թույլ չեմ տվել, որ լեզուս նրա կյանքի դեմ անեծք խնդրելով մեղանչի),
31Եթե իմ վրանի մարդիկ երբևէ ասել են, թե ո՛վ է կշտացել Հոբի մսով.
32(Սակայն պանդուխտը դրսում չէր օթևանում. դռներս ճամփորդի առաջ բաց էի անում),
33Եթե մեղքս Ադամի#31.33 Կամ մարդու։ պես թաքցրել եմ, որպեսզի իմ հանցանքը ծոցումս պահեմ,
34Որովհետև մեծ բազմությունից վախեցած եմ եղել, ու տոհմերի անարգանքն ինձ զարհուրեցրած է եղել, և ես լռած ու դուրս եկած չեմ եղել,
35Երանի՜ թե մեկն ինձ լսեր (ահա իմ փափագը՝ որ Ամենակարողն ինձ պատասխանի), և իմ հակառակորդն իր ամբաստանագիրը գրավոր տար։
36Անշուշտ այն ուսիս վրա կառնեի ու պսակի պես ինձ վրա կկապեի։
37Քայլերիս հաշիվը նրան կհայտնեի, իշխանի պես կմոտենայի նրան։
38Եթե իմ երկիրն իմ դեմ աղաղակել է, ու նրա բոլոր ակոսները լաց են եղել,
39Եթե նրա պտուղներն առանց փողի ճաշակել եմ ու նրա տիրոջ հոգին հանգցրել,
40Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։
Հոբի խոսքերը վերջացան։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 31: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք