ԵՐԵՄԻԱ 7

7
Երեմիան քարոզում է տաճարում
1Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով. 2«Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։ 3Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։ 4Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով. "Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը սա է"։ 5Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք, 6օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ, 7այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։
8Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։ 9Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում, 10հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. "Ազատվեցինք", որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։ 11Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։ "Ահա ես տեսա",- ասում է Տերը։- 12Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։
13«Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։ 14Ուստի ես էլ այն տանը, որն իմ անունով է կոչվել, և որին ապավինել եք դուք, և այն տեղին, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ այնպես, ինչպես որ արել եմ Սելովին։ 15Ես ձեզ պիտի վտարեմ իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։
Ժողովրդի անհնազանդությունը
16«Ուստի դու մի՛ աղոթիր այս ժողովրդի համար և նրանց համար աղաղակ ու աղոթք մի՛ բարձրացրու և ինձ մի՛ բարեխոսիր, որովհետև ես քեզ չեմ լսելու։ 17Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։ 18Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։ 19Մի՞թե նրանք ինձ են բարկության գրգռում,- ասում է Տերը,- թե՞ իրենց, իրենց երեսն են ամոթահար անում»։
20Սրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա իմ բարկությունն ու իմ զայրույթը պիտի թափվեն այս տեղի վրա, մարդու վրա և անասունի վրա, դաշտի ծառի վրա և հողի պտղի վրա, և պիտի այրի ու չհանգչի»։ 21Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք։ 22Որովհետև այն օրը, երբ ձեր հայրերին հանեցի Եգիպտոսի երկրից, նրանց հետ չեմ խոսել և նրանց չեմ հրամայել ողջակեզի և զոհի վերաբերյալ։ 23Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։ 24Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։ 25Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր ես հարատևորեն#7.25 Տե՛ս 7.13։ ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, 26բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։
27Եվ դու նրանց այս բոլոր բաները կասես, բայց նրանք քեզ չեն լսի։ Դու նրանց կկանչես, բայց նրանք չեն պատասխանի։ 28Ուրեմն ասա՛ նրանց. “Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից”»։
Մեղսալից գործեր Ենովմի ձորում
29Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։ 30«Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։ 31Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։ 32«Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։ 33Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և նրանց վախեցնող չի լինի։ 34Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք