ԵՐԵՄԻԱ 6

6
Երուսաղեմը՝ շրջապատված թշնամիներով
1Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։ 2Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։ 3Նրա դեմ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։ 4Պատերա՛զմ պատրաստեք#6.4 Բռց. սրբացրեք։ նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։ 5Վե՛ր կացեք, գիշերով ելնենք և կործանենք նրա պալատները#6.5 Կամ ամրոցները։։ 6Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։ 7Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։ 8Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։
Ապստամբ Իսրայելը
9Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։
10Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։ 11Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։ 12Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։- 13Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ “անիրավ շահի համար” ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։ 14Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա։ 15Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։
Իսրայելը մերժում է Աստծու ճանապարհը
16Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. “Նրանում չենք ընթանում”։ 17Ես ձեզ վրա դետեր նշանակեցի. “Ուշադի՛ր եղեք փողի ձայնին”, բայց նրանք ասացին. “Ուշադիր չենք լինելու”։ 18Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ, ինչ է լինելու նրանց։ 19Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։ 20Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։ 21Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն”»։
Ասպատակներ հյուսիսից
22Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։ 23Աղեղ և նիզակ են բռնել, անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման։ Ձիերի վրա են հեծնում, քո դեմ շարված են պատերազմիկների նման, ո՛վ Սիոնի դուստր։
24Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։ 25Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։
26Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։
27Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։ 28Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։ 29Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։ 30Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք