ԵՐԵՄԻԱ 2
2
Աստծու հոգատարությունը Իսրայելի նկատմամբ
1Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։ 3Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա"”,- ասում է Տերը։ 4Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։
Իսրայելի նախահայրերի մեղքը
5Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։ 6Եվ չասացին. "Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց Եգիպտոսի երկրից, որ մեզ առաջնորդեց անապատում, ամայության և փոսերի երկրում՝ չորության և մահվան ստվերի երկրում, այնպիսի մի երկրում, որով ոչ ոք չէր անցնում, և որտեղ մարդ չէր բնակվում"։ 7Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։ 8Քահանաները չասացին. "Որտե՞ղ է Տերը", և օրենքի ուսուցիչներն ինձ չճանաչեցին, հովիվներն ապստամբեցին իմ դեմ, մարգարեները Բահաղով մարգարեացան և անպիտան բաների հետևից գնացին”։
Տիրոջ դատն իր ժողովրդի դեմ
9Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։ 10Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք. մա՛րդ ուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։ 11Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։ 12Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ և շատ ապշի՛ր,- ասում է Տերը,- 13որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց. ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։
14Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։ 15Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։
Իսրայելի անհավատարմության արդյունքը
16Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։ 17Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։ 18Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրի#2.18 Այսինքն՝ Նեղոսի։ ջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետի#2.18 Այսինքն՝ Եփրատի։ ջուրը խմես։ 19Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- 20որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել#2.20 Բնագրում երկու բայերն առաջին դեմքով են՝ կոտրեցի, կտրեցի։ և ասել. “Չեմ ծառայում”. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։ 21Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։ 22Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։- 23Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։ 24Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։ 25Ոտքդ մերկությունից հե՛տ պահիր և կոկորդդ՝ ծարավությունից։ Բայց դու ասում ես. “Անհույս է, ո՛չ. որովհետև ես սիրել եմ օտարներին#2.25 Այսինքն՝ օտար աստվածներին։ և նրանց հետևից եմ գնալու”։
Իսրայելը պատժի է արժանանում
26Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես և ամաչելու են Իսրայելի տունը, նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները, 27որոնք փայտին ասում են. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դու ծնեցիր ինձ”։ Որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակ ասում են. “Վե՛ր կաց և ազատի՛ր մեզ”։ 28Արդ ո՞ւր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար. թող նրանք վեր կենան, գուցե ազատեն քեզ քո ձախորդության ժամանակ։ Որովհետև քո քաղաքների թվի չափ եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ 29Ինչի՞ համար եք վիճում ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք իմ դեմ,- ասում է Տերը։- 30Ես զուր հարվածեցի ձեր որդիներին. նրանք խրատ չընդունեցին. ձեր սուրը, ինչպես մի գիշատիչ առյուծ, կերավ ձեր մարգարեներին։
31Ո՛վ սերունդ, դուք Տիրոջ խոսքի՛ն նայեք։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եղա կամ թանձր խավարի մի երկիր. իմ ժողովուրդն ինչո՞ւ է ասում. “Ազատ ենք թափառելու, այլևս չենք գա քեզ մոտ”։ 32Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, հարսը՝ իր գոտին#2.32 Ամուսնացյալ կնոջ նշան։. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որոնք թիվ չունեն։ 33Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։ 34Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո 35դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։ 36Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։ 37Սրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»։
Արդեն Ընտրված.
ԵՐԵՄԻԱ 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018