ԵՐԵՄԻԱ 1

1
1Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը, 2որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում, 3Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։
Երեմիայի կոչումը
4Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 5«Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ,#1.5 Բռց. գիտեի քեզ։ և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։ 6Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ 7Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ 8Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։
9Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։ 10Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։
Երկու տեսիլքներ
11Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։ 12Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։
13Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։ 14Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։ 15Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։ 16Եվ ես նրանց կհայտարարեմ իմ դատաստանը նրանց բոլոր չարությունների համար, որ ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խնկարկել և իրենց ձեռքերի գործերին են երկրպագել։
17Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։ 18Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։ 19Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։

Արդեն Ընտրված.

ԵՐԵՄԻԱ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք