Հակոբոս 1

1
Ուղերձ և ողջույն
1Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառա՝ սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ ողջո՜ւյն։
Հավատ և իմաստություն
2Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ 3իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ 4Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։ 5Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ 6Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ 7Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ 8Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։
Աղքատություն և հարստություն
9Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա, 10և հարուստը՝ իր խոնարհությամբ, քանի որ նա խոտի ծաղկի նման պիտի անցնի։ 11Որովհետև արևը ծագում է խորշակով հանդերձ, չորացնում է խոտը, իսկ նրա ծաղիկը թափվում է և իր տեսքի գեղեցկությունը կորցնում. այդպես էլ հարուստն է իր ճանապարհներին թառամելու։
12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Փորձ և փորձություն
13Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ 14Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ 15Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։
16Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. 17ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ 18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։
Աստծու խոսքը լսողներ և կատարողներ
19Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ. 20որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ 21Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։
22Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ 23Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, 24քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ 25Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։
26Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ 27Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։

Արդեն Ընտրված.

Հակոբոս 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք