ԵՍԱՅԻ 6
6
Աստված Եսայուն կանչում է մարգարեանալու
1Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։ 2Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։ 3Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։ 4Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։ 5Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։ 6Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։ 7Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։
8Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։ 9Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։ 10Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։ 11Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա, 12մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։ 13Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018