ԵՍԱՅԻ 5

5
Այգու մասին երգը
1Թող երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։ 2Նա ցանկապատեց այն, փորեց այն, քարերը հանեց միջից, ընտիր որթեր տնկեց, նրա մեջտեղում դիտաշտարակ կառուցեց, փորեց նաև մի հնձան և սպասեց, որ խաղող տար, բայց այն ազոխ տվեց։
3Հիմա, ո՛վ Երուսաղեմի բնակիչներ և Հուդայի երկրի մարդիկ, դատավո՛ր եղեք իմ և իմ այգու միջև։ 4Էլ ի՞նչ կար անելու իմ այգուն, որ ես չեմ արել նրանում. ինչո՞ւ, երբ սպասեցի, որ խաղող տար, նա ազոխ տվեց։ 5Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու իմ այգուն. ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա։ 6Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն, 7որովհետև Զորությունների Տիրոջ այգին Իսրայելի տունն է, Հուդայի երկրի մարդիկ էլ՝ նրա ախորժելի տունկը։ Նա սպասում էր իրավունքի, և ահա արյունահեղություն, արդարություն, և ահա աղաղակ տառապալից։
Մարդկանց արած չարությունը
8Վա՜յ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա, ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։ 9Ահա թե ինչ ասաց Զորությունների Տերն իմ ականջին. «Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։ 10Տասը լծավար այգին տալու է մեկ մար գինի, և մեկ քոռ սերմը՝ մեկ արդու ցորեն»։
11Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։ 12Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։ 13Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում, և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։ 14Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը, և նրա մեջ կիջնեն ժողովրդի երևելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։ 15Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարհեցվի, և ամբարտավանների աչքերը կխոնարհվեն։ 16Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։ 17Գառնուկներ պիտի արածեն, ինչպես իրենց արոտավայրում, և հարուստների ավերակներում օտարականներ պիտի ճաշակեն։
18Վա՜յ նրանց, որոնք անօրենությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը՝ ասես սայլի չվաններով, 19որոնք ասում են. «Թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք. թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
20Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։ 21Օ՜, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք՝ ըստ իրենց։ 22Վա՜յ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիճ՝ օղի խառնելու մեջ, 23որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։
24Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։ 25Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
26Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար։ Եվ ահա նրանք գալիս են արագ ու շտապ։ 27Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։ 28Նրանց նետերը սուր են, և բոլոր աղեղները՝ լարված, նրանց ձիերի սմբակները՝ կայծաքարի նման, մարտակառքերի անիվները՝ մրրիկի նման։ 29Նրանց մռնչյունը նման է առյուծի մռնչյունի. նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը. կփախցնեն, ու չկա մեկը, որ ազատի։ 30Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռգոռոցի պես, ու եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապ պիտի տեսնի։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում