ԵՍԱՅԻ 10

10
1Վա՜յ անօրեն կանոններ դնողներին և նրանց, որոնք անիրավ հրամաններ են արձանագրում. 2աղքատների դատը խեղաթյուրելու, իմ ժողովրդի թշվառների իրավունքը հափշտակելու, այրի կանանց իրենց ավարը դարձնելու և որբերին կողոպտելու համար։ 3Ի՞նչ եք անելու հատուցման օրը և այն աղետի ժամանակ, որը հեռվից գալիս է ձեզ վրա. ո՞ւմ մոտ եք վազելու օգնության համար և ո՞ւր եք թողնելու ձեր հարստությունը։ 4Դուք ուրիշ բան չեք ունենա անելու, եթե ոչ կծկվել գերիների մեջ կամ տապալվել սպանվածների մեջ։ Այսուհանդերձ Տիրոջ բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
Ասորեստանի թագավորը՝ Աստծու գործիք
5Վա՜յ, Ասորեստան՝ իմ բարկության ցուպը. նրա ձեռքի գավազանը իմ ցասումն է։ 6Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։ 7Բայց Ասորեստանի արքան այնպես չի մտածում, և ինքն իր մտքում այդպես չի խորհում, այլ նրա մտադրությունը միայն կոտորելն է, բազում ազգեր բնաջնջելը, 8որովհետև նա ասում է. «Իմ իշխանավորները բոլորն էլ մի՞թե թագավորներ չեն. 9մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։ 10Ինչպես իմ ձեռքը հասավ չաստվածների թագավորություններին, որոնց քանդակած կուռքերն ավելին էին, քան Երուսաղեմում և Սամարիայում եղածները, 11մի՞թե նույն կերպ չեմ անելու Երուսաղեմին ու նրա չաստվածներին, ինչ որ արել եմ Սամարիային ու նրա կուռքերին»։
12Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։ 13Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։ 14Իմ ձեռքը հասավ ժողովուրդների ունեցվածքին, ինչպես մի բնի, և բնում թողնված ձվերի նման ես հավաքեցի ամբողջ երկիրը։ Ոչ ոք չեղավ, որ թևը շարժեր կամ կտուցը բացեր և կամ ճվճվար»։ 15Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։ 16Դրա համար Տերը՝ Զորությունների Տերը, նրա պարարտ մարդկանց վրա նիհարություն պիտի ուղարկի, և նրա փառքի տակ կրակ պիտի վառվի բոցավառ հրդեհի նման։ 17Իսրայելի Լույսը հուր պիտի դառնա, նրա Սուրբը՝ բոց, և մեկ օրում պիտի այրի ու սպառի նրա փուշն ու ցախը։ 18Նա պիտի կործանի նրա անտառի և բարեբեր այգիների փառքը, նրա հոգին էլ, մարմինն էլ, և նա հիվանդ մարդու նման պիտի հյուծվի։ 19Նրա անտառի ծառերի մնացորդն այնքան քիչ պիտի լինի, որ երեխան իսկ պիտի կարողանա դրանք գրանցել։
Ոմանք պիտի վերադառնան
20Այն օրն Իսրայելի մնացորդն ու Հակոբի տան ազատվածներն այլևս չպիտի ապավինեն իրենց հարվածողին, այլ ճշմարտությամբ պիտի ապավինեն Տիրոջը՝ Իսրայելի Սրբին։ 21Մնացորդը՝ Հակոբի տան մնացորդը, պիտի վերադառնա դեպի Հզոր Աստվածը, 22որովհետև քո ժողովուրդը, ո՛վ Իսրայել, թեկուզև ծովի ավազի չափ լինի, նրանից միայն մի մնացորդ է վերադառնալու։ Կործանումը վճռված է. հորդելու է արդարությունը, 23որովհետև վճռված այդ կործանումն ամբողջ երկրի վրա իրագործելու է Տերը՝ Զորությունների Տերը։
Տերը պիտի պատժի ասորեստանցիներին
24Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։ 25Մի փոքր ժամանակ ևս, որից հետո ցասումը վերջ կգտնի, և իմ բարկությունը պիտի ուղղվի նրա ոչնչացմանը»։ 26Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։ 27Այդ օրը նրա բեռը կվերցվի քո ուսերից, նրա լուծը՝ քո պարանոցից, լուծը կկոտրվի գիրության պատճառով։
Թշնամին հարձակվում է
28Գալիս է Այյաթ, կտրում-անցնում է Միգրոնը և իր գույքը տեղավորում է Միքմաշում։ 29Նրանք անցել են լեռնանցքով, օթևանել Գեբայում։ Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախչում։ 30Աղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։ 31Մադմենան փախուստի մեջ է, Գեբիմի բնակիչները շտապում են ապաստան գտնել։ 32Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։
33Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, սաստկաբար կկտրի ճյուղերը, ամենաբարձրերը կկտրատվեն, և վեր բարձրացածները ցած կգցվեն։ 34Նա թավուտ անտառները կացնով#10.34 Բռց. երկաթով։ կկտրի, և Լիբանանը Հզորի ձեռքով կտապալվի։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք