ԵՍԱՅԻ 9
9
Ապագա թագավորը
1Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։ 2Խավարի մեջ ընթացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ 3Դու բազմացրիր ազգը, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քո առաջ, ինչպես մարդիկ ուրախանում են հնձի ժամանակ և ցնծում ավար բաժանելիս, 4որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։ 5Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։
6Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։ 7Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։
Աստված պիտի պատժի Իսրայելին
8Տերը Հակոբի դեմ պատգամ ուղարկեց, և այն իջավ Իսրայելի վրա։ 9Պիտի իմանա ողջ ժողովուրդը՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ և հպարտ սրտով ասում են. 10«Աղյուսներն ընկան, բայց մենք կկառուցենք սրբատաշ քարերով, մոլաթզենիները կտրվեցին, բայց մենք եղևնիներ կդնենք դրանց փոխարեն»։ 11Տերը նրանց դեմ պիտի հանի Ռասինի հակառակորդներին և պիտի գրգռի նրանց թշնամիներին։ 12Արամն արևելքից, փղշտացիները արևմուտքից լիաբերան պիտի հոշոտեն Իսրայելը։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
13Ժողովուրդը չի վերադառնում իրեն հարվածողին, չի փնտրում Զորությունների Տիրոջը։ 14Եվ Տերը մեկ օրում պիտի կտրի Իսրայելի գլուխն ու պոչը՝ արմավենու ճյուղն ու կնյունը։ 15Երեցներն ու պատվավորները գլուխն են, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, պոչն է։ 16Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են ժողովրդին, և նրանցից առաջնորդվողները շփոթված են։ 17Դրա համար էլ Տերը չի ուրախանալու նրա երիտասարդներով և չի գթալու նրա որբերին ու այրիներին, որովհետև նրանք ամենքն էլ անաստված ու չարագործ են, և ամեն բերան հիմարություն է բարբառում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
18Որովհետև ամբարշտությունը կրակի նման այրում է ցախն ու փշերը, լափում ու վառում է թավուտ անտառները, և ցնդում են բարձր ծխասյուներով։ 19Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։ 20Հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։#9.20 Կամ զավակի կամ ազգակցի միսը։ 21Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ պիտի ելնեն։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 9: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018