ԵԶՐԱՍ 8

8
Գերությունից վերադարձող ժողովուրդը
1Սրանք են նրանց տոհմապետները և նրանց ազգաբանությունը, որ Բաբելոնի Արտաշես թագավորի թագավորության ժամանակ ինձ հետ վերադարձան։ 2Փենեհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Դանիելը, Դավթի որդիներից՝ Քետտուսը. 3Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան, և նրա հետ հարյուր հիսուն մարդ հաշվառվեց. 4Փաաթ-Մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովենային և նրա հետ երկու հարյուր մարդ. 5Սեքենիայի որդիներից՝ Հազիելի որդին և նրա հետ երեք հարյուր մարդ. 6Ադինի որդիներից՝ Հովնաթանի որդի Աբեդը և նրա հետ հիսուն մարդ. 7Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան և նրա հետ յոթանասուն մարդ. 8Սափատիայի որդիներից՝ Միքայելի որդի Զաբադիան և նրա հետ ութսուն մարդ. 9Հովաբի որդիներից՝ Հեքիելի որդի Աբդիան և նրա հետ երկու հարյուր տասնութ մարդ. 10Սաղոմիթի որդիներից՝ Հոսեփիայի որդին և նրա հետ հարյուր վաթսուն մարդ. 11Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան և նրա հետ քսանութ մարդ. 12Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Հոհանանը և նրա հետ հարյուր տասը մարդ. 13Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անուններն են՝ Եղիփաղետ, Հեիել ու Սեմայիա, և նրանց հետ վաթսուն մարդ. 14Բագուեի որդիներից՝ Ութային և Զաբուդը և նրանց հետ յոթանասուն մարդ։
Եզրասը տաճարի համար հավաքագրում է ղևտացիների
15Եվ սրանց ես հավաքեցի Ահավա գնացող գետի եզերքին, և այնտեղ մնացինք երեք օր. նայեցի ժողովրդին ու քահանաներին, սակայն Ղևիի որդիներից մարդ չգտա։ 16Եվ կանչեցի Եղիազար, Արիել, Սեմայիա, Եղնաթան, Հարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա և Մեսուղամ իշխաններին և Հովարիբ ու Եղնաթան իմաստուններին։ 17Նրանց պատվիրեցի, որ գնան Ադդով իշխանի մոտ՝ Քասիփիա կոչված տեղը, և նրանց բերանը խոսք դրեցի, որ ասեն Ադդովին ու նրա եղբայր նաթանայիմներին Քասիփիա վայրում, որ մեզ համար պաշտոնյաներ բերեն մեր Աստծու տան համար։ 18Եվ մեր Աստծու բարի ձեռքը մեզ վրա լինելու համար մեզ մոտ բերեցին Իսրայելի որդի Ղևիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդու, այսինքն՝ Սարաբիային և նրա որդիներին ու նրա եղբայրներին՝ տասնութ մարդ. 19Ասաբիային և նրա հետ Մերարիի որդիներից Եսայիային ու նրա եղբայրներին ու նրանց որդիներին՝ թվով քսան մարդ. 20և նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվել էին ղևտացիների ծառայության համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմ՝ բոլորը անունով հիշված։
Եզրասը ժողովրդին առաջնորդում է ծոմապահության և աղոթքի
21Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։ 22Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։ 23Մենք ծոմ պահեցինք և այս մասին խնդրեցինք մեր Աստծուն, և նա ընդունեց մեր խնդրանքը։
Նվերներ տաճարի համար
24Եվ քահանաների իշխաններից տասներկու մարդ ընտրեցի՝ Սարաբիային, Ասաբիային և նրանց հետ՝ իրենց եղբայրներից տասը մարդ։ 25Կշռեցի ու տվեցի նրանց այն արծաթն ու ոսկին և անոթները՝ որպես ընծա մեր Աստծու տան համար, որ ընծայել էին թագավորը և նրա խորհրդականներն ու իշխանները և այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները։ 26Կշռեցի և նրանց ձեռքը տվեցի վեց հարյուր հիսուն տաղանդ արծաթ և հարյուր տաղանդ արծաթե անոթներ, հարյուր տաղանդ ոսկի. 27քսան ոսկե տաշտ՝ յուրաքանչյուրը հազար դրամ, և երկու հատ մաքուր ու փայլուն պղնձե անոթ՝ ոսկու պես պատվական։ 28Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։ 29Արթո՛ւն կացեք և պահպանե՛ք, մինչև որ կշռեք և տաք քահանաների ու ղևտացիների իշխաններին և Իսրայելի տոհմապետներին Երուսաղեմում՝ Տիրոջ տան սենյակներում»։ 30Քահանաներն ու ղևտացիները կշիռով ընդունեցին արծաթն ու ոսկին և անոթները, որ տանեն Երուսաղեմ՝ մեր Աստծու տունը։
Վերադարձ Երուսաղեմ
31Ահավայի գետից մենք ճանապարհվեցինք առաջին ամսի տասներկուսին, որ գնանք Երուսաղեմ, և մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և նա մեզ ճանապարհին ազատեց թշնամու և դարանակալի ձեռքից։ 32Եկանք Երուսաղեմ և այնտեղ նստեցինք երեք օր։ 33Չորրորդ օրը մեր Աստծու տանը կշռեցինք արծաթն ու ոսկին և անոթները և տվեցինք Ուրիա քահանայի որդի Մերամոթին. նրա հետ էին Փենեհեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովզաբադը և Բանուիի որդի Նովադիա ղևտացիները։ 34Ամեն բան՝ թվով և կշիռով, և ամեն ինչի կշիռը գրվեց այդ ժամանակ։
35Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։
36Եվ թագավորի հրամանագրերը տվեցին թագավորի կուսակալներին և Գետի այն կողմի իշխաններին, իսկ նրանք էլ օգնում էին ժողովրդին և Աստծու տանը։

Արդեն Ընտրված.

ԵԶՐԱՍ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք