ԵԶՐԱՍ 9

9
Եզրասը մերժում է խառն ամուսնությունը
1Եվ երբ այս ամենը կատարվեց, իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը և քահանաները և ղևտացիները չեն զատվել այս երկրների ազգերից, այլ քանանացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, ամմոնացիների, մովաբացիների, եգիպտացիների և ամորհացիների պղծությունների պես են անում. 2որովհետև նրանց աղջիկներից առել են իրենց և իրենց որդիների համար, և սուրբ սերունդը խառնվել է այս երկրների ժողովուրդների հետ. իշխաններն ու զորականներն էլ այս անօրենության մեջ առաջինն էին»։ 3Հենց որ լսեցի այս բանը, պատառոտեցի իմ հանդերձանքը և վերարկուն, փետեցի գլխիս և մորուքիս մազերը և ապշած նստեցի։ 4Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։ 5Երեկոյան զոհաբերությանը վեր կացա իմ տառապանքի տեղից և իմ պատառոտված հագուստով ու վերարկուով ծունկի իջա և ձեռքերս տարածեցի դեպի իմ Տեր Աստվածը 6և ասացի. «Ո՛վ իմ Աստված, ես ամաչում եմ և չեմ համարձակվում երեսս դեպի քեզ բարձրացնել, ո՛վ իմ Աստված, որովհետև մեր անօրենությունները մեր գլխից վեր բարձրացան, և մեր հանցանքը մեծ է մինչև երկինք։ 7Մեր հայրերի օրերից ի վեր մինչև այսօր մենք մեծ մեղքի մեջ ենք, և մեր անօրենությունների համար մենք, մեր թագավորները, մեր քահանաները սրի, գերության, հափշտակության և սևերեսության ձեռքը մատնվեցինք, ինչպես որ այսօր է։ 8Արդ մի փոքր ժամանակ ողորմություն եղավ մեր Տեր Աստծուց, որ մեզ համար փրկվածներ են մնացել, և մեզ հաստատվել տվեց իր սրբության տեղում. մեր աչքերը լուսավորել է մեր Աստվածը և մեզ մի փոքր կենդանություն է տվել մեր ծառայության մեջ։ 9Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։ 10Եվ արդ, ի՞նչ ասենք, ո՛վ մեր Աստված, այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանները, 11որ քո ծառա մարգարեների միջոցով պատվիրեցիր՝ ասելով. “Այն երկիրը, ուր գնում եք այն ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ տարբեր երկրների ազգերի գարշություններով և նրանց պղծություններով, որոնցով ծայրեծայր լցրել են այն։ 12Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։ 13Եվ այս բոլորը մեր չար գործերի և մեր մեծ հանցանքի պատճառով մեզ վրա գալուց հետո (թեպետ և դու, ո՛վ Աստված, մեզ շատ ես խնայել մեր անօրինությունից և մեզ այսպես փրկվածներ ես տվել). 14Արդյոք կրկին քո պատվիրանները շրջանցենք և այս գարշելի ազգերի հետ խնամությո՞ւն անենք. մի՞թե չես բարկանա մեզ վրա և մեզ սպառես, մինչև որ մնացորդ և փրկված չլինի։ 15Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, դու արդար ես, որովհետև մենք մինչև այսօր փրկված մնացինք. ահա մենք քո առջև ենք մեր հանցանքով, թեև այս պատճառով քո առաջ կանգնել չի լինի»։

Արդեն Ընտրված.

ԵԶՐԱՍ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք