ԵԶԵԿԻԵԼ 40
40
Ապագա տաճարի տեսիլքը
Եզեկիելը տարվում է Երուսաղեմ
1Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումից#40.1 Բռց. հարվածվելուց։ հետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։ 2Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։ 3Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։ 4Եվ այն մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տե՛ս աչքերովդ և լսի՛ր ականջներովդ և ուշադրությո՛ւն դարձրու#40.4 Բռց. սրտիդ մե՛ջ դիր։ այն ամենին, ինչ ցույց եմ տալիս քեզ, որովհետև դու բերվեցիր այստեղ, որ քեզ ցույց տամ ամենը. ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։
Արևելյան դարպասը
5Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (մի կանգունը՝ մի ձեռքի լայնություն)։#40.5 Մեկ կանգունը հիսուն սանտիմետր երկարություն ունի, իսկ մեկ ձեռքի լայնությունը՝ ութ սանտիմետր։ Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։
6Եվ եկավ այն դարպասը, որը դեպի արևելք էր նայում, վեր ելավ նրա աստիճաններով և չափեց դարպասի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն։ 7Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։ 8Դարպասի նախասրահը չափեց ներսից՝ մեկ եղեգ։ 9Եվ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և նրա սյուները՝ երկու կանգուն, և դարպասի նախասրահը ներսի կողմն էր նայում։ 10Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։ 11Եվ չափեց դարպասի մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն։ 12Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։ 13Եվ չափեց դարպասը մի խցի կտուրից մինչև մյուսի կտուրը. լայնությունը՝ քսանհինգ կանգուն, մուտքը մուտքի դեմ։ 14Սյուները վաթսուն կանգուն արեց. նաև գավիթի սյուները դարպասներում՝ շուրջբոլորը։#40.14 Այս համարը եբրայերենում շատ հստակ չէ։ 15Մուտքի դարպասի առաջից մինչև նախասրահի ներքին դարպասի առաջ՝ հիսուն կանգուն. 16և փակ#40.16 Ներսում նեղ, դրսից՝ լայն լուսամուտներ կամ եզրապատ, վանդակապատ։ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։
Արտաքին գավիթը
17Եվ ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա սենյակներ ու գավիթի համար շինված շուրջբոլորը քարահատակ. երեսուն սենյակ՝ քարահատակի վրա։ 18Քարահատակը դարպասների կողքին էր՝ դարպասների երկայնքով. ստորին քարահատակը։ 19Ապա չափեց ստորին դարպասի առաջից մինչև ներքին գավիթի առաջը՝ դրսից. լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս։
Հյուսիսային դարպասը
20Ապա չափեց արտաքին գավիթի դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունը և նրա լայնությունը։ 21Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։ 22Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։ 23Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։
Հարավային դարպասը
24Եվ ինձ տարավ հարավ, և ահա դեպի հարավ նայող մի դարպաս կար։ Եվ չափեց նրա դրանդիներն ու նախասրահները. նույն չափերին համապատասխան էին։ 25Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։ 26Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։
Ներքին գավիթը. հարավային դարպասը
27Եվ ներքին գավիթը մի դարպաս ուներ, որը դեպի հարավ էր նայում. չափեց դարպասից դարպաս դեպի հարավ՝ հարյուր կանգուն։ 28Ապա ինձ հարավի դարպասի միջով տարավ դեպի ներքին գավիթը և չափեց հարավային դարպասը. նույն չափերին համապատասխան էր։ 29Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։ 30Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։ 31Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։
Ներքին գավիթը. արևելյան դարպասը
32Ապա ինձ տարավ ներքին գավիթը՝ դեպի արևելք, և չափեց դարպասը. նույն չափերին համապատասխան էր։ 33Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահը նույն չափերին համապատասխան էին։ Այն և նրա նախասրահները պատուհաններ ունեին շուրջանակի. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։ 34Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, իսկ նրա դրանդիների վրա՝ այս կողմից և այն կողմից՝ արմավենիներ, և ութ աստիճան ուներ բարձրանալու համար։
Ներքին գավիթը. հյուսիսային դարպասը
35Ապա ինձ տարավ հյուսիսային դարպասի մոտ և այն չափեց. նույն չափերին համապատասխան էր. 36նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։ 37Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և այս ու այն կողմից արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։
Շինություններ հյուսիսային դարպասի մոտ
38Մի սենյակ կար, և նրա մուտքը դարպասների դրանդիների մոտ էր. ողջակեզն այնտեղ էին լվանում։ 39Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։ 40Եվ դրսի կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, երկու սեղաններ կային, և դարպասի նախասրահի մյուս կողմում՝ երկու սեղաններ։ 41Դարպասի կողքին չորս սեղան՝ այս կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում. ութ սեղան, որպեսզի նրանց վրա մորթեն։ 42Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։ 43Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ#40.43 Եբր. կարթ կամ ճանկ։ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։
44Դրսում՝ ներքին դարպասի մոտ, երգողների սենյակներն էին, ներսի գավիթում, որը հյուսիսային դարպասի կողքին էր, և նայում էին դեպի հարավ, և մյուսը՝ արևելյան դարպասի կողքին, դեպի հյուսիս էր նայում։ 45Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է, 46և այն սենյակը, որ դեպի հյուսիս է նայում, զոհասեղանի ծառայությունը կատարող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են՝ Ղևիի որդիներից. միայն նրանք են մոտենում Տիրոջը՝ նրան ծառայելու»։
Ներքին գավիթը և տաճարը
47Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։
48Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։ 49Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 40: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018