ԵԶԵԿԻԵԼ 41
41
1Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։ 2Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։
3Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։
4Չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ինձ ասաց. «Սա սրբությունների սրբությունն է»։
Կողմնակի սենյակները
5Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։
6Եվ կողմնակի սենյակները՝ երեք սենյակ սենյակի վրա#41.6 Այսինքն՝ երեք հարկ։ երեսուն անգամ. քիվեր կային երեսուն անգամ. քիվեր կային շուրջանակի տաճարի պատի մեջ, որ շինված էին այդ սենյակների համար, որ հենվեին, առանց տաճարի պատին հենվելու։ 7Եվ կողմնակի սենյակները լայնանում էին բարձրանալիս. այնտեղ գնում էին պտտաձև. տաճարի շուրջը պտտվելով էին բարձրանում՝ տաճարը շրջապատող աստիճանավանդակով. դրա համար սենյակները լայնանում էին դեպի վերև, և այսպես ստորին հարկից բարձրանում էին, վերին հարկը՝ միջինով։ 8Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։ 9Կողմնակի սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և այն տարածությունը տաճարի կողմնակի սենյակների 10և մյուս սենյակների միջի լայնությունը քսան կանգուն էր տաճարի շուրջբոլորը։ 11Կողմնակի սենյակների դռները դեպի մնացած տեղն էին. մի դուռը՝ դեպի հյուսիս, իսկ մյուս դուռը՝ դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը։
Արևմտյան շենքը
12Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։
Տաճարի շենքի ընդհանուր չափը
13Եվ չափեց տաճարը. երկարությունը՝ հարյուր կանգուն, իսկ առանձնացված տարածքը, շենքի երկարությունը նրա պատերով՝ հարյուր կանգուն։ 14Եվ տաճարի դիմային լայնությունը և առանձնացված տարածքը դեպի արևելք՝ հարյուր կանգուն։
Տաճարի շենքի մանրամասները
15Ապա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շենքի երկարությունը, որը նրա հետևի կողմում էր, և նրա վերնասրահների հետ՝ հարյուր կանգուն այս կողմից և մյուս կողմից. ներքին տաճարն ու գավիթի նախասրահը, 16շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին 17մինչև մուտքի վերևը, մինչև ներքին տաճարը, և դուրսը, և ամբողջ պատի վրա շուրջանակի ներսից և դրսից ամեն բան շինված էր չափերով։
18Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։ 19Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։ 20Եվ գետնից մինչև մուտքի վերևը տաճարի պատի վրա քանդակված էին քերովբեները և արմավենիները։ 21Տաճարի դրանդիները քառակուսաձև էին։
Փայտյա զոհասեղանը
22Սրբարանի առաջ մի բան կար, որ նման էր փայտյա զոհասեղանի. երեք կանգուն՝ բարձրությունը, իսկ երկարությունը՝ երկու կանգուն, և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ինձ ասաց. «Սա է այն սեղանը, որ Տիրոջ առաջ է»։
Դռները
23Տաճարն ու սրբարանը երկու դուռ ունեին։ 24Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։ 25Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։ 26Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 41: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018