ԵԶԵԿԻԵԼ 42

42
Երկու շենք տաճարի մոտ
1Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։ 2Այն հյուսիսային մուտքի շենքի ճակատի երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը հիսուն կանգուն էր։ 3Ներքին գավիթի քսան կանգունի դիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։ 4Եվ սենյակների դիմաց մի ճեմավայր՝ դեպի ներս տասը կանգուն լայնությամբ, և մի ճանապարհ՝ մեկ կանգուն, և նրա մուտքերը դեպի հյուսիս էին նայում։ 5Վերին սենյակները նեղ էին, որովհետև խորշերը նրանցից ավելի տեղ էին վերցնում, քան շենքի վարի և միջին հարկերից։ 6Որովհետև նրանք եռահարկ էին և գավիթների սյուների նման սյուներ չունեին. դրա համար էլ վերի սենյակները գետնից հետ քաշված էին ավելի, քան վարի և միջին սենյակները։ 7Սենյակների մոտով դրսից մի պատ կար դեպի արտաքին գավիթը՝ սենյակներին զուգահեռ. երկարությունը՝ հիսուն կանգուն։ 8Որովհետև արտաքին գավիթի սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմացը եղողները հարյուր կանգուն էին։ 9Եվ այս սենյակների տակ արևելքից մի մուտք կար՝ արտաքին գավիթի կողմից դեպի դրանք գնալու համար։ 10Գավիթի պատի լայնքով դեպի արևելք սենյակներ էին առանձնացված տարածքի և շենքի առաջ։ 11Եվ նրանց առաջ մի ճանապարհ կար. նրանց տեսքը դեպի հյուսիս եղող սենյակների տեսքի պես էր թե՛ նրանց երկարության, թե՛ լայնության և նրանց ելքերի ու նրանց չափերի ու մուտքերի համեմատությամբ։ 12Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։
13Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։ 14Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։
Տաճարի տարածության չափերը
15Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։ 16Նա չափի եղեգով չափեց արևելյան կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։ 17Չափեց հյուսիսային կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։ 18Չափեց հարավային կողմը՝ հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։ 19Դարձավ դեպի արևմտյան կողմը, չափեց հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։ 20Չորս կողմից չափեց այն. նա շուրջանակի պատեր ուներ, երկարությունը՝ հինգ հարյուր, և լայնությունը՝ հինգ հարյուր, սուրբը և ոչ սուրբը բաժանելու համար։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 42: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք