ԵԶԵԿԻԵԼ 39

39
Գոգի պարտությունը
1«Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Գոգ, Մոսոքի և Թոբելի գլխավո՛ր իշխան։ 2Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։ 3Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։ 4Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։ 5Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ե՛ս ասացի,- ասում է Տեր Աստված։- 6Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։ 7Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։ 8Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։ 9Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։ 10Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։
Գոգի թաղումը
11«Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմության#39.11 Համոն Գոգ։ ձոր”։ 12Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։ 13Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։ 14«Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտի սկսեն որոնել։ 15Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։ 16Եվ քաղաքի անունն էլ Համոնա#39.16 Բազմություն։ պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։
17Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։ 18Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։ 19Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։ 20Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով#39.20 Բռց. կառքերով՝ կառքի համար նախատեսված ձիերով կամ կառապան։, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։
Իսրայելի վերահաստատումը
21«Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։ 22Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ 23Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։ 24Իրենց անմաքրության և իրենց հանցանքների համեմատ վարվեցի նրանց հետ և իմ դեմքը ծածկեցի նրանցից»։
25Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։ 26Նրանք պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց ամբողջ անհավատարմությունը, որ գործեցին իմ դեմ, երբ ապահով բնակվեն իրենց երկրում, և վախեցնող չլինի։ 27Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին, 28այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։ 29Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 39: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք