ԵՍԹԵՐ 9

9
Հրեաները կոտորում են իրենց թշնամիներին
1Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։ 2Ասուերոս թագավորի բոլոր գավառներում հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում, որ ձեռք բարձրացնեն իրենց չարիքը ցանկացողների վրա, և նրանց դեմ ոչ ոք չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։ 3Բոլոր գավառապետները, կուսակալները, իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի վախն ընկել էր նրանց վրա։ 4Որովհետև Մուրթքեն մեծ էր թագավորի պալատում, և նրա համբավը տարածվել էր բոլոր գավառներում, քանի որ այդ Մուրթքեն գնալով հզորացավ։ 5Հրեաները ջարդ տվին իրենց բոլոր թշնամիներին՝ սրով կոտորելով, սպանելով և ոչնչացնելով, և իրենց ատողներին իրենց ուզածի պես արեցին։ 6Հրեաները Շուշան մայրաքաղաքում հինգ հարյուր մարդ սպանեցին-ոչնչացրին։ 7Նաև Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային, 8Փորաթային, Ադալիային, Արիդաթային, 9Փարմասթային, Արիսային, Արիդային և Վայեզաթային. 10հրեաների թշնամի՝ Ամադաթայի որդի Համանի տասը որդիներին սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ 11Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը բերեցին թագավորին։
12Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Շուշան մայրաքաղաքում հրեաները սպանել և ոչնչացրել են հինգ հարյուր մարդու և Համանի տասը որդիներին. իսկ թագավորի մյուս գավառներո՞ւմ ինչեր են արել. դարձյալ ի՞նչ է քո խնդրանքը, պիտի տրվի քեզ, և դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարվի»։ 13Եսթերն ասաց. «Եթե հաճո է թագավորին, թող վաղն էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համաձայն անեն. Համանի տասը որդիներին կախեն փայտից»։ 14Թագավորն ասաց, որ այնպես կատարվի, և հրամանը հրապարակվեց Շուշանում, և Համանի տասը որդիներին կախեցին։ 15Շուշանում եղող հրեաները ադար ամսի տասնչորսերորդ օրն էլ հավաքվեցին և Շուշանում երեք հարյուր մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ 16Թագավորի գավառներում եղող մնացած հրեաներն էլ հավաքվեցին և կանգնեցին իրենց կյանքերի համար և հանգստացան իրենց թշնամիներից և իրենց ատողներից յոթանասունհինգ հազար մարդու սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։ 17Ադար ամսի տասներեքին եղավ այս, և նույն ամսի տասնչորսին հանգստացան և այն խնջույքի և ուրախության օր արեցին։ 18Շուշանում եղող հրեաներից հավաքվեցին այն ամսի տասներեքին ու տասնչորսին և հանգստացան տասնհինգին և այն խնջույքի և ուրախության օր արեցին։ 19Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում էին դաշտաքաղաքներում, ադար ամսի տասնչորսերորդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնում են որպես տոնախմբության օր և իրար ընծաներ են ուղարկում։
20Մուրթքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտիկ ու հեռու հրեաներին, 21որ իրենց համար սահմանեն, որ ամեն տարի տոնեն ադար ամսի տասնչորսերորդ օրը և տասնհինգերորդ օրը։ 22Իբրև այնպիսի օրեր, երբ հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, երբ իրենց համար տրտմությունը ուրախության, իսկ սուգը տոնախմբության փոխվեց. որ դրանք տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր և միմյանց ուտելիքի ընտիր բաժիններ ուղարկեն, իսկ աղքատներին՝ ընծաներ։ 23Հրեաներն ընդունեցին, ինչ որ սկսել էին անել, և ինչ որ նրանց գրել էր Մուրթքեն. 24որովհետև բոլոր հրեաների թշնամի՝ ագագացի Ամադաթայի որդի Համանը խորհեց հրեաներին կործանել և փուր, այսինքն՝ վիճակ էր գցել, որ նրանց բնաջնջի և կործանի։ 25Բայց երբ Եսթերը թագավորի առաջ գնաց, թագավորը հրովարտակով հրամայեց, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր հրեաների համար, նրա գլխին դառնա, և նրան ու նրա որդիներին կախեցին փայտից։ 26Դրա համար այս օրերը Փուրիմ են անվանում՝ փուր անվան պատճառով. դրա համար այս թղթի բոլոր խոսքերի պատճառով, և ինչ որ իրենք տեսան սրան վերաբերող, և ինչ որ պատահեց իրենց, 27հրեաները որոշեցին և սահմանեցին իրենց և իրենց զավակների ու իրենց բոլոր միացողների համար, որ չանտեսեն ամեն տարի այս երկու օրը տոնել ըստ նրանց գրվածքի և նրանց ժամանակի։ 28Այս օրերը պետք է հիշվեն և տոնվեն բոլոր սերունդներում, բոլոր ազգատոհմերում, բոլոր գավառներում և բոլոր քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների մեջ թող չպակասեն, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերնդից։
Փուրիմի տոնը
29Եվ Աբիքելի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն ունեցած իշխանության ողջ զորությամբ գրեցին այս երկրորդ թուղթը՝ Փուրիմը հաստատելու մասին։ 30Նա խաղաղության և ճշմարտության խոսքերով նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին Ասուերոսի թագավորության հարյուր քսանյոթ գավառները, 31որ պահեն այս Փուրիմի օրերն իրենց ժամանակներին, ինչպես որ նրանց համար սահմանեցին հրեա Մուրթքեն և Եսթեր թագուհին, և ինչպես որ նրանք գրեցին իրենց անձերի համար և իրենց սերնդի համար ծոմապահության և իրենց աղաղակի մասին։ 32Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի մասին խոսքերը, և գրվեց գրքի մեջ։

Արդեն Ընտրված.

ԵՍԹԵՐ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք