Բ ՕՐԵՆՔ 10
10
Մովսեսը նորից է ստանում պատվիրանները
(Ելք 34.1-10)
1«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։ 2Ես տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որոնք քո կոտրատած նախկին տախտակների վրա էին, ու դրանք կդնես տապանակի մեջ”։ 3Ես սատիմի փայտից մի տապանակ պատրաստեցի, առաջինների պես երկու քարե տախտակներ կոփեցի և բարձրացա լեռը՝ այդ երկու տախտակներն իմ ձեռքին։ 4Այդ տախտակների վրա նախկին գրվածքի նման գրեց այն տասը խոսքերը, որ Տերն ասել էր ձեզ լեռան վրա, կրակի միջից, հավաքի օրը։ Եվ Տերը դրանք տվեց ինձ։ 5Ետ դառնալով՝ իջա լեռից, տախտակները դրեցի այն տապանակի մեջ, որ պատրաստել էի, որպեսզի դրանք մնան այնտեղ, ինչպես Տերը պատվիրել էր ինձ։ 6Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից մեկնեցին Մոսերա։ Այնտեղ մեռավ Ահարոնը և այնտեղ էլ թաղվեց։ Նրա որդի Եղիազարը քահանա եղավ նրա փոխարեն։ 7Այնտեղից մեկնեցին Գադգադ և Գադգադից էլ՝ ջրի հոսքերի երկիրը՝ Ետեբաթա։
8Այդ ժամանակ Տերն առանձնացրեց Ղևիի ցեղը, որ տանի Տիրոջ ուխտի տապանակը, կանգնի Տիրոջ առաջ, ծառայի նրան և օրհնի նրա անունով, ինչպես որ շարունակվում է մինչև այսօր։ 9Այդ պատճառով էլ Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունեցավ։ Նրա ժառանգությունը Տերն է, ինչպես որ քո Տեր Աստվածն ասաց նրան։
10Ես առաջին օրերի նման քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. Տերն այս անգամ էլ լսեց ինձ և չուզեց քեզ կործանել։ 11Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, գնա՛ ժողովրդի առջևից, որպեսզի մտնեն և ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացա նրանց հայրերին, որ կտամ նրանց”։
Ի՞նչ է պահանջում Աստված
12Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, 13որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։ 14Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան։ 15Տերը միայն քո հայրերին հավանեց, որ սիրի նրանց, և նրանցից հետո ընտրեց ձեզ՝ նրանց զավակներին, բոլոր ազգերի միջից, ինչպես որ այսօր է։ 16Ուրեմն թլփատե՛ք ձեր սրտերի անթլփատությունը և այլևս համառ մի՛ եղեք, 17որովհետև ձեր Տեր Աստվածը աստվածների Աստվածն է և տերերի Տերը. այն մեծ, հզոր և ահեղ Աստվածն է, որ աչառություն չի անում և կաշառք չի առնում, 18որ պաշտպանում է որբի ու որբևայրու իրավունքը, որ սիրում է պանդուխտին և նրան տալիս է հաց ու հագուստ։ 19Ուրեմն սիրե՛ք պանդուխտին, որովհետև դուք էլ էիք պանդուխտ եգիպտացիների երկրում։ 20Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։ 21Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։ 22Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018