Բ ՕՐԵՆՔ 11

11
Աստծու մեծությունը
1«Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։ 2Այսօր իմացե՛ք, որ իմ խոսքը ձեր որդիների հետ չէ, որոնք չգիտեն և չեն տեսել ձեր Տեր Աստծու խրատը, նրա մեծությունը, նրա հզոր ձեռքն ու բարձր բազուկը, 3նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ 4Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։ 5Եվ ինչ որ արեց ձեզ համար անապատում՝ մինչև ձեր այստեղ գալը, 6և ինչ որ արեց Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին, որ երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց ընտանիքներին, նրանց վրաններն ու այն ամենը, ինչ որ կար իրենց մոտ ամբողջ Իսրայելում։ 7Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։
Խոստացված երկրի օրհնությունները
8Ուրեմն պահե՛ք այն բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որպեսզի զորանաք և մտնեք ու տիրանաք այն երկրին, ուր գնում եք այն նվաճելու համար, 9և որպեսզի ձեր կյանքի օրերը երկար լինեն այն երկրում, որ Տերը երդվեց տալ ձեր հայրերին և նրանց սերնդին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում։ 10Որովհետև այն երկիրը, ուր դու գնում ես տիրանալու համար, նման չէ Եգիպտոսի երկրին, որտեղից դուք դուրս եկաք, և որտեղ դու սերմ էիր ցանում և ապա քո ոտքերով ջրում բանջարանոցի նման. 11այլ այն երկիրը, ուր դուք գնում եք ժառանգելու համար, լեռների և հովիտների երկիր է. այն ոռոգվում է երկնային անձրևի ջրով։ 12Այնպիսի երկիր, որը քո Տեր Աստվածն է խնամում, քո Տեր Աստծու աչքը միշտ նրա վրա է տարվա սկզբից մինչև տարվա վերջը։ 13Եթե ուշադրությամբ լսեք իմ պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, սիրեք ձեր Տեր Աստծուն և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով ու ամբողջ հոգով, 14ապա ես ձեր երկրին անձրև կտամ իր ժամանակին, առաջին ու վերջին անձրևը, և դու կհավաքես քո ցորենը, քո գինին և քո յուղը։ 15Ես խոտ կտամ քո արտերին քո անասունների համար, որպեսզի ուտես և կշտանաս։ 16Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։ 17Այնժամ Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեր դեմ, և նա կփակի երկինքը, որպեսզի անձրև չլինի, ու երկիրն իր բերքը չտա. և շուտով կկորչեք այդ լավ երկրից, որ Տերը տալիս է ձեզ։
18Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։ 19Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ 20Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա, 21որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։
22Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան, 23ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։ 24Ուր որ ձեր ոտքերը կկոխեն, ձերը կլինի. ձեր սահմանը կտարածվի անապատից և Լիբանանից, գետից, այսինքն՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը։ 25Ոչ ոք չի կանգնի ձեր դեմ. ձեր Տեր Աստվածը ձեր ահն ու սարսափը կտարածի ձեր կոխած ամբողջ երկրի վրա, ինչպես որ ասել է ձեզ։
Օրհնություններ ու անեծքներ
26Ահա ես այսօր ձեր առջև դնում եմ օրհնություն և անեծք. 27օրհնություն, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ ձեզ, 28և անեծք, եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, շեղվեք այն ճանապարհից, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, և գնաք օտար աստվածների ետևից, որոնց չեք ճանաչում։ 29Ուստի երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, ուր գնում ես այն ժառանգելու համար, ապա օրհնություն կտաս Գարիզին լեռան վրա և անեծք՝ Գեբաղ լեռան վրա։ 30Չէ՞ որ դրանք գտնվում են Հորդանան գետի այն կողմում՝ արևմտյան ճանապարհի վրա, քանանացիների երկրում, որոնք բնակվում են հովտում, Գաղգաղայի դիմաց, Մորեի կաղնիների մոտ։ 31Որովհետև դուք անցնելու եք Հորդանան գետով՝ մտնելու և ժառանգելու համար այն երկիրը, որը ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ։ Դուք կժառանգեք այն և կբնակվեք այնտեղ։ 32Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն բոլոր կանոններն ու հրամանները, որոնք ես այսօր դնում եմ ձեր առաջ»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում