Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11

11
Հուդայի Գոթողիա թագուհին
(Բ Մն. 22.10–23.15)
1Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մեռավ, ելավ և բնաջնջեց թագավորական ամբողջ սերունդը։ 2Բայց Հովրամ թագավորի աղջիկը՝ Օքոզիայի քույր Հովսաբեեն, վերցրեց Օքոզիայի որդի Հովասին և թագավորի սպանված որդիների միջից գողացավ նրան ու նրա դայակին։ Գոթողիայից նրան թաքցրին անկողինների սենյակում, և նա չսպանվեց։ 3Նա Տիրոջ տանը նրա հետ թաքնված էր վեց տարի. և Գոթողիան թագավորում էր երկրի վրա։
Ապստամբություն Գոթողիայի դեմ
(Բ Մն. 23.1-15)
4Եվ յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց ու վերցրեց թիկնապահների և պահակագնդի հարյուրապետներին, և նրանց տարավ իր մոտ՝ Տիրոջ տունը, նրանց հետ դաշինք կապեց. Տիրոջ տանը նրանց երդվել տվեց ու նրանց ցույց տվեց թագավորի որդուն։ 5Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Ձեր անելու բանն այս է. ձեր մեկ երրորդ մասը, որ գալիս է շաբաթ օրը, թող թագավորի պալատի պահպանությունն անի, 6Երրորդ մասը՝ Սուրի դուռը, և երրորդ մասն էլ՝ պահակագնդի ետևի դուռը. այսպես արե՛ք տան պահպանությունը։ 7Եվ ձեզնից երկու գունդ՝ բոլորը, որ պիտի շաբաթ օրը դուրս գան, Տիրոջ տան պահպանությունը կանեն թագավորի շուրջը։ 8Եվ չորս կողմից շրջապատե՛ք թագավորին՝ ամեն մարդ զենքը ձեռքին, և ով կմտնի շարքերի մեջ, կսպանվի, և թագավորի հետ կլինեք նրա դուրս գալու և ներս մտնելու ժամանակ»։
9Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։ 10Եվ քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու վահանները, որոնք Տիրոջ տանն էին։ 11Եվ պահակները՝ յուրաքանչյուրն իր զենքերը ձեռքին, կանգնեցին տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը՝ սեղանի մոտ, և տան մոտ՝ թագավորի շուրջը։ 12Հետո նա դուրս հանեց թագավորի որդուն, թագն ու նշանները դրեց նրա վրա, և նրան թագավոր դարձրին. օծեցին նրան, ծափ տվեցին և ասացին. «Կեցցե՜ արքան»։
13Երբ Գոթողիան լսեց պահակագնդի և ժողովրդի ձայնը, գնաց դեպի ժողովուրդը՝ Տիրոջ տունը։ 14Եվ տեսավ, որ ահա թագավորն ըստ սովորության կանգնած էր սյան մոտ, զորապետներն ու փողահարներն էլ թագավորի մոտ էին։ Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախանում էր և փողեր հնչեցնում. Գոթողիան պատռեց իր հանդերձները և աղաղակեց. «Դավաճանությո՜ւն, դավաճանությո՜ւն»։ 15Հովիադա քահանան հրամայեց հարյուրապետերին, որոնք նշանակված էին զորքերի վրա, և ասաց նրանց. «Դրան դո՛ւրս հանեք շարքերի միջից, և ով կգնա նրա ետևից, սրով սպանե՛ք», որովհետև քահանան ասել էր. «Թող նա չսպանվի Տիրոջ տանը»։ 16Եվ իրենց ձեռքերը մեկնեցին դեպի նա, և երբ նա գնում էր դեպի թագավորի պալատ տանող ձիերի մուտքով, այնտեղ սպանվեց։
Հովիադայի բարեկարգությունները
(Բ Մն. 23.16-21)
17Հովիադան ուխտ դրեց Տիրոջ և թագավորի ու ժողովրդի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն, նաև՝ թագավորի և ժողովրդի միջև։ 18Եվ երկրի ամբողջ ժողովուրդը եկավ Բահաղի կռատունը. քանդեցին նրա սեղանները, փշուր-փշուր արեցին նրա պատկերները և սեղանների առջև սպանեցին Բահաղի քուրմ Մատթանին, և քահանան պահակներ դրեց Տիրոջ տան վրա։ 19Եվ վերցրեց հարյուրապետներին, թիկնապահներին ու պահակագնդին ու երկրի ամբողջ ժողովրդին, և Տիրոջ տնից իջեցրին թագավորին ու պահակագնդի դռան ճամփով եկան թագավորի պալատ։ Եվ նա նստեց թագավորական գահի վրա։ 20Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց։ Իսկ Գոթողիային սրով սպանեցին թագավորի պալատում։ 21Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք