Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10
10
Աքաաբի սերունդը սպանվում է
1Աքաաբը յոթանասուն որդի ուներ Սամարիայում։ Եվ Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա Հեզրայելի իշխաններին ու ծերերին և Աքաաբի որդիների հոգաբարձուներին՝ ասելով. 2«Արդ, երբ այս նամակը ձեզ հասնի, քանի որ ձեզ մոտ են ձեր տիրոջ որդիները, և ձեզ մոտ են կառքերն ու ձիերը և պարսպապատ քաղաքներն ու զենքերը, ուստի և դուք 3տեսե՛ք, թե ձեր տիրոջ որդիներից ո՛րն է լավն ու հարմար, նրան էլ դրե՛ք իր հոր աթոռի վրա և պատերազմե՛ք ձեր տիրոջ տան համար»։ 4Բայց նրանք շատ խիստ վախեցան և ասացին. «Ահա երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ, ուրեմն մենք ինչպե՞ս պիտի կանգնենք»։ 5Եվ պալատի վերակացուն, քաղաքապետը, ծերերն ու խնամակալները մարդ ուղարկեցին Հեուի մոտ՝ ասելով. «Մենք քո ծառաներն ենք, և մեզ ինչ որ ասես, կանենք. մենք ոչ մեկի թագավոր չենք դնի. ինչ հաճելի է քո աչքին, ա՛յն արա»։
6Եվ նրանց երկրորդ նամակը գրեց՝ ասելով. «Եթե դուք իմ կողմից եք և լսում եք իմ խոսքը, ապա կտրե՛ք ձեր տիրոջ որդիների գլուխները և վաղը՝ այս ժամանակ, եկե՛ք Հեզրայել»։ Իսկ թագավորի որդիները յոթանասուն հոգի էին և քաղաքի մեծամեծերի մոտ էին, որոնք էլ մեծացնում էին նրանց։ 7Երբ նամակը հասավ նրանց, վերցրին թագավորի որդիներին և կոտորեցին այն յոթանասուն հոգուն, նրանց գլուխները դրեցին կողովների մեջ և ուղարկեցին Հեզրայել՝ նրան։ 8Պատգամավորը եկավ նրա մոտ և ասաց. «Թագավորի որդիների գլուխները բերել են»։ Եվ նա ասաց. «Դրանցից երկու դե՛զ արեք, դրե՛ք քաղաքի մուտքի դռան մոտ մինչև առավոտ»։ 9Եվ երբ առավոտը բացվեց, նա դուրս եկավ, կանգնեց ու ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք արդար եք. ահա ես ապստամբեցի իմ տիրոջ դեմ և նրան սպանեցի, բայց ո՞վ կոտորեց այս բոլորին։ 10Արդ իմացե՛ք, որ Տիրոջ խոսքից ոչ մի բան գետին չի ընկնելու, ինչ Տերը խոսել է Աքաաբի տան մասին»։ Տերն արեց այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով։ 11Եվ Հեուն կոտորեց Աքաաբի տան բոլոր այն մարդկանց, որ մնացել էին Հեզրայելում. և՛ նրա բոլոր մեծամեծերին, և՛ նրա մտերիմ բարեկամներին ու քահանաներին, այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց։
Օքոզիայի ազգականները սպանվում են
12Եվ վեր կացավ, եկավ հասավ Սամարիա. և երբ ճանապարհին էր, հովիվների մոտ՝ Բեթ-Ակադում#10.12 Նշանակում է խուզելու տեղ։, 13այնտեղ Հեուն գտավ Հուդայի Օքոզիա թագավորի եղբայրներին և ասաց. «Դուք ովքե՞ր եք»։ Եվ նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, իջնում ենք թագավորի որդիներին և թագուհու որդիներին բարևելու»։ 14Եվ նա ասաց. «Դրանց բռնե՛ք կենդանի»։ Եվ նրանց կենդանի բռնեցին ու նրանց՝ քառասուներկու հոգուն էլ սպանեցին Բեթ-Ակադի ջրհորի մոտ, և նրանցից ոչ մի հոգու չթողեց։
15Այնտեղից գնաց ու հանդիպեց Ռեքաբի որդի Հովնադաբին, որն ընդառաջ էր գալիս իրեն, նրան բարև տվեց ու ասաց. «Արդյոք ուղի՞ղ է սիրտդ, ինչպես իմ սիրտն է քո սրտի հետ»։ Եվ Հովնադաբն ասաց՝ այո։ «Եթե այո, ուրեմն ձեռքդ տո՛ւր»։ Եվ նա ձեռքը տվեց, և Հեուն նրան բարձրացրեց իր մոտ՝ կառքի վրա։ 16Եվ ասաց. «Ե՛կ ինձ հետ և տե՛ս իմ նախանձախնդրությունը Տիրոջ նկատմամբ»։ Եվ նրան նստեցրին նրա կառքը։ 17Նա եկավ Սամարիա և Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց Սամարիայում, մինչև որ նրան բնաջնջեց Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային։
Բահաղին պաշտողները սպանվում են
18Հեուն հավաքեց ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Աքաաբը քիչ է ծառայել Բահաղին, Հեուն նրան շատ պիտի ծառայի։ 19Արդ ինձ մո՛տ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին, Բահաղի բոլոր պաշտողներին և նրա բոլոր քահանաներին, և ոչ մի պակաս մարդ չլինի, որովհետև ես մեծ զոհ եմ մատուցելու Բահաղին. ով որ ներկա չգտնվի, ողջ չի մնա»։ Բայց Հեուն դա խորամանկությամբ արեց, որպեսզի ոչնչացնի Բահաղին պաշտողներին։ 20Հեուն ասաց. «Սուրբ տոնախմբությո՛ւն որոշեք Բահաղի համար», և նրանք ծանուցեցին։ 21Եվ Հեուն մարդիկ ուղարկեց ամբողջ Իսրայելին. եկան Բահաղի բոլոր պաշտողները, և մարդ չմնաց, որ չգար։ Գնացին Բահաղի կռատուն, և Բահաղի կռատունը լցվեց ծայրից ծայր։ 22Հեուն ասաց հանդերձապետին. «Հանդերձնե՛ր հանիր Բահաղի բոլոր պաշտողների համար». և հանդերձներ հանեց նրանց համար։ 23Եվ Հեուն ու Ռեքաբի որդի Հովնադաբը եկան Բահաղի տուն, և նա ասաց Բահաղի պաշտողներին. «Որոնե՛ք և տեսե՛ք, միգուցե Տիրոջ ծառաներից մեկն այստեղ լինի ձեզ հետ. միմիայն Բահաղի պաշտողները պետք է լինեն»։ 24Եկան զոհեր ու ողջակեզներ մատուցելու, և Հեուն դրսում իր համար ութսուն մարդ դրեց և ասաց. «Այն մարդը, որը կթողնի, որ ձեր ձեռքը իմ տված մարդկանցից մեկն ազատվի, նրա անձը պետք է հատուցի փախչող անձի փոխարեն»։ 25Եվ երբ նրանք վերջացրել էին ողջակեզը, Հեուն ասաց պահակներին և զորապետներին. «Գնացե՛ք, նրանց ջարդե՛ք, ոչ մի մարդ դուրս չգա»։ Եվ նրանք ջարդեցին նրանց՝ սրի մատնելով, և պահակներն ու զորապետները դեն գցեցին նրանց, գնացին մինչև Բահաղի կռատան քաղաքը։ 26Եվ դուրս հանեցին Բահաղի կռատան սյուները և այրեցին դրանք։ 27Քանդեցին Բահաղի արձանը, կործանեցին Բահաղի կռատունը և այն արտաքնոց շինեցին մինչև այսօր։ 28Եվ Հեուն Բահաղին բնաջնջեց Իսրայելից։ 29Միայն թե Հեուն ետ չկանգնեց Նաբատի որդի Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին, այսինքն՝ չհրաժարվեց Բեթելում և Դանում եղած ոսկե հորթերից։
30Եվ Տերն ասաց Հեուին. «Որովհետև դու լավ արեցիր, ինչ հաճելի էր ինձ, և Աքաաբի տան նկատմամբ լիովին կատարեցիր, ինչ կար իմ սրտում, քո որդիները մինչև չորրորդ սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա»։ 31Բայց Հեուն չզգուշացավ, որ իր ամբողջ սրտով գնար Իսրայելի Տեր Աստծու օրենքով. նա չհեռացավ Հերոբովամի մեղքից, որը մեղանչել էր տվել Իսրայելին։
Հեուի մահը
32Այդ օրերից Տերն սկսեց մաս առ մաս կտրել Իսրայելից. Ազայելը հարվածեց Իսրայելին իր բոլոր սահմաններում. 33Հորդանանից դեպի արևելք՝ Գաղաադի ամբողջ երկրում, Գադի, Ռուբենի և Մանասեի երկրներում՝ Առնոն ձորի վրա գտնվող Արոերից մինչև Գաղաադ և Բասան։
34Հեուի մնացած գործերի, նրա բոլոր արածների և նրա բոլոր քաջագործությունների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 35Հեուն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում. նրա որդի Հովաքազը թագավոր դարձավ նրա փոխարեն։ 36Հեուն Իսրայելի վրա Սամարիայում թագավորեց քսանութ տարի։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018