Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

12
Հուդայի Հովաս թագավորը
(Բ Մն. 24.1-16)
1Հեուի յոթերորդ տարում Հովասը թագավոր դարձավ և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունը Սաբիա էր՝ Բերսաբեեից։ 2Եվ Հովասն իր բոլոր օրերին ուղիղ վարվեց Տիրոջ առաջ, քանի որ Հովիադա քահանան սովորեցնում էր նրան։ 3Միայն թե Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։
4Եվ Հովասն ասաց քահանաներին. «Նվիրատվության ամբողջ փողը, որ բերում են Տիրոջ տուն, հաշվառված այդ փողը, յուրաքանչյուր մարդու անձի գնահատության փողը, այն ամեն փողը, որ ամեն մարդ իր հոժար կամքով նվիրում է, որ բերի Տիրոջ տուն, 5քահանաները՝ ամեն մարդ իր ծանոթից, թող վերցնեն իրենց համար և դրանով նորոգեն տան վնասված տեղերը, ուր որ վնասված տեղեր գտնվեն»։
6Բայց մինչև Հովաս թագավորի քսաներեքերորդ տարին քահանաները տան վնասված տեղերը չէին նորոգել։ 7Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։ 8Քահանաները հավանություն տվեցին, որ ժողովրդից փող չառնեն և տան վնասված մասերը չնորոգեն։ 9Հովիադա քահանան մի արկղ վերցրեց, նրա կափարիչի վրա մի ծակ փորեց և այն դրեց զոհասեղանի մոտ՝ Տիրոջ տուն եկող մարդկանց աջ կողմում. և դռան պահպանություն անող քահանաներն այնտեղ էին գցում ամբողջ փողը, որ բերվում էր Տիրոջ տուն։
10Եվ երբ տեսնում էին, որ արկղի մեջ փողը շատ է, գալիս էին թագավորի գրագիրը և քահանայապետը, հաշվում էին ու ծրարում Տիրոջ տանը գտնվող փողը։ 11Հաշված փողը տալիս էին Տիրոջ տան վրա նշանակված գործավարների ձեռքը, և նրանք վճարում էին հյուսներին և Տիրոջ տունը շինող գործավորներին, 12որմնադիրներին ու քարհատներին, և որ Տիրոջ տան վնասված տեղերը նորոգելու համար փայտ ու տաշած քար առնեն, և այն բոլոր ծախսերի համար, որ պետք էր տունը նորոգելու համար։ 13Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ, 14այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։ 15Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։ 16Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։
17Այն ժամանակ ասորիների Ազայել թագավորը եկավ և պատերազմեց Գեթի դեմ ու գրավեց այն։ Հետո Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ՝ նրա վրա գնալու համար։ 18Հուդայի Հովաս թագավորը վերցրեց այն բոլոր նվերները, որ նվիրել էին իր հայրերը՝ Հուդայի թագավորները՝ Հոսափատը, Հովրամը և Օքոզիան, և՛ իր նվերները, և՛ թագավորի տան, և՛ Տիրոջ տան գանձարաններում գտնվող ամբողջ ոսկին ուղարկեց ասորիների Ազայել թագավորին, և նա ետ քաշվեց Երուսաղեմից։
19Հովասի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ 20Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։ 21Նրա ծառաները՝ Հովզաքարը՝ Սամեթի որդին, և Հովզաբադը՝ Սոմերի որդին, զարկեցին նրան, և նա մեռավ։ Նրան թաղեցին իր հայրերի մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Ամասիան։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք