Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

25
Հուդայի Ամասիա թագավորը
(Դ Թագ. 14.2-6)
1Ամասիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հովադան Երուսաղեմացի։ 2Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։
3Երբ թագավորությունը հաստատ դարձավ նրա համար, նա սպանեց իր թագավոր հորն սպանող ծառաներին, 4բայց նրանց որդիներին չսպանեց, որովհետև օրենքում՝ Մովսեսի գրքում, գրված է, որ Տերը պատվիրել է՝ ասելով. «Հայրերը որդիների պատճառով, և որդիները հայրերի պատճառով չպետք է մեռնեն, այլ ամեն մարդ իր հանցանքի համար պետք է մեռնի»։
5Ամասիան հավաքեց Հուդայի մարդկանց և նրանց ըստ ազգատոհմերի դրեց հազարապետների և հարյուրապետների ձեռքի տակ՝ ամբողջ Հուդայի և Բենիամինի երկրի համար։ Նա հաշվառեց քսան և ավելի բարձր տարիք ունեցողներին և գտավ երեք հարյուր հազար պատերազմի գնացող և նիզակ ու վահան կրող ընտիր մարդ։ 6Նա հարյուր տաղանդ արծաթով Իսրայելից վարձեց նաև հարյուր հազար քաջարի զորականներ։ 7Նրա մոտ եկավ Աստծու մի մարդ և ասաց. «Ո՛վ թագավոր, Իսրայելի զորքը թող քեզ հետ չգնա, որովհետև Տերը Իսրայելի հետ չէ, այսինքն՝ Եփրեմի բոլոր որդիների հետ չէ։ 8Բայց եթե ուզում ես, գնա՛, զորացի՛ր պատերազմում, ապա թե ոչ, Աստված քեզ կկործանի թշնամու առջև, որովհետև Աստված զորություն ունի օգնելու և կործանելու»։ 9Ամասիան ասաց Աստծու մարդուն. «Բայց ի՞նչ պիտի լինի այն հարյուր տաղանդը, որ տվել եմ Իսրայելի գնդերին»։ Աստծու մարդը պատասխանեց. «Տերը կարող է քեզ դրանից ավելին տալ»։ 10Ամասիան բաժանեց Եփրեմի երկրից իր մոտ եկած գնդերը, որպեսզի գնան իրենց տեղը. բայց նրանց բարկությունը խիստ բորբոքվեց Հուդայի դեմ, և նրանք վերադարձան իրենց տեղը բորբոքված բարկությամբ։
Պատերազմ Սեիրի դեմ
(Դ Թագ. 14.7)
11Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։ 12Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։
13Բայց այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան ետ էր ուղարկել, որպեսզի իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, նրանցից երեք հազար հոգու կոտորեցին և շատ ավար տարան։
14Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց վերադարձավ, բերեց Սեիրի որդիների աստվածները և կանգնեցրեց դրանք, որպեսզի իր համար աստվածներ լինեն։ Նա երկրպագում և խունկ էր ծխում նրանց առջև։ 15Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ, և մի մարգարե ուղարկեց նրա մոտ, ու նա ասաց նրան. «Դու ինչո՞ւ ես փնտրում այն ազգի աստվածները, որոնք չկարողացան իրենց ժողովրդին ազատել քո ձեռքից»։ 16Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։
Պատերազմ Իսրայելի դեմ
(Դ Թագ. 14.8-20)
17Հուդայի Ամասիա թագավորը խորհրդակցելուց հետո մարդ ուղարկեց Հեուի որդի Հովաքազի որդի՝ Իսրայելի թագավոր Հովասի մոտ՝ ասելով. «Ե՛կ, դեմ առ դեմ հանդիպենք»։ 18Բայց Իսրայելի Հովաս թագավորը, Հուդայի թագավորի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրիին՝ ասելով. “Քո աղջկան կնությա՛ն տուր իմ որդուն”։ Բայց Լիբանանի վայրի գազանն անցավ և կոխկռտեց փուշը։ 19Դու ասում ես. “Ահա ես հաղթեցի եդովմացիներին”, և քո սիրտը ուռել է հպարտությունից։ Հիմա նստի՛ր տանդ, ինչո՞ւ ես գրգռվում չարությամբ, որ ընկնես դու, և Հուդան էլ՝ քեզ հետ»։ 20Բայց Ամասիան չլսեց նրան, որովհետև Աստծուց էր, որ նրանք մատնվեն թշնամու ձեռքը, քանի որ պաշտել էին եդովմացիների աստվածներին։ 21Իսրայելի Հովաս թագավորը ելավ գնաց, և նրանք՝ ինքը և Հուդայի Ամասիա թագավորը, դեմ առ դեմ ելան Բեթսամյուսում, որը Հուդայում է գտնվում։ 22Բայց Հուդան պարտվեց Իսրայելի առաջ, և ամեն մարդ փախավ իր վրանը։ 23Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։ 24Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը. վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։
25Հուդայի թագավորը՝ Հովասի որդի Ամասիան, Իսրայելի թագավոր Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։ 26Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։ 27Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։ 28Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք