Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

24
Հովասը՝ Հուդայի թագավոր
(Դ Թագ. 12.1-16)
1Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Սաբիա Բերսաբեեցի։ 2Հովիադա քահանայի բոլոր օրերին Հովասն ուղիղ գործեց Տիրոջ առաջ։ 3Հովիադան նրա համար երկու կին առավ, որոնցից նա տղաներ և աղջիկներ ունեցավ։
4Դրանից հետո Հովասի սիրտն ուզեց Տիրոջ տունը նորոգել։ 5Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի երկրի քաղաքները և ամբողջ Իսրայելից տարեցտարի փո՛ղ հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար։ Եվ շո՛ւտ արեք այդ գործը»։ Սակայն ղևտացիները շուտ չարեցին։ 6Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար, 7որովհետև անօրեն Գոթողիան և նրա որդիները բռնությամբ մտել էին Աստծու տունը և Տիրոջ տան բոլոր նվերները գործածել Բահաղի համար»։ 8Թագավորը հրամայեց, և մի արկղ պատրաստեցին ու դրեցին Տիրոջ տան դռանը՝ դրսում։ 9Մունետիկ կանչել տվեցին Հուդայում և Երուսաղեմում, որ բերեն Աստծու ծառա Մովսեսի՝ Իսրայելի վրա անապատում դրած տուրքը Տիրոջ համար։ 10Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։ 11Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։ 12Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։ 13Գործավորներն աշխատում էին, և նորոգության գործը կատարվեց նրանց ձեռքով. Աստծու տունը վերականգնեցին իր նախկին չափով և ամրացրին այն։ 14Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
15Հովիադան ծերացավ ու մեռավ՝ իր կյանքի օրերից հագեցած։ Մեռնելիս նա հարյուր երեսուն տարեկան էր։ 16Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։
Հովիադայի կարգադրությունը փոխվում է
17Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։ 18Նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծու տունը և ծառայեցին աստարովթներին ու կուռքերին, և նրանց այս հանցանքի համար Հուդայի և Երուսաղեմի վրա Տիրոջ բարկությունն իջավ։ 19Տերը մարգարեներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի նրանց իրենց դարձնեն. նրանք վկայեցին նրանց, բայց նրանք չլսեցին։
20Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։ 21Նրանք հարձակվեցին նրա վրա և թագավորի հրամանով քարկոծեցին նրան Տիրոջ տան սրահում։
22Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։
Հովաս թագավորի վախճանը
23Հաջորդ տարի նրա դեմ դուրս եկավ ասորիների զորքը, եկան Հուդայի ու Երուսաղեմի վրա, ժողովրդի միջից կոտորեցին ժողովրդի բոլոր իշխաններին և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոս՝ թագավորին։ 24Թեև ասորիների զորքերը եկան քիչ մարդկանցով, բայց Տերը չափազանց շատ զորք մատնեց նրանց ձեռքը, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ Եվ այսպես Հովասի դատաստանն արեցին։ 25Երբ նրանք գնացին այնտեղից՝ Հովասին ծանր վիրավորված թողնելով, նրա դեմ դավաճանություն արեցին նրա ծառաները՝ Հովիադա քահանայի որդիների արյան համար, և սպանեցին նրան իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց չթաղեցին թագավորների դամբարանում։ 26Նրա դեմ դավաճանություն անողները ամմոնացի կնոջ՝ Սամեթի որդի Զաբադը և մովաբացի կնոջ՝ Սամարիթի որդի Հոզաբադն են։ 27Նրա որդիների մասին, նրա դեմ ուղղված բազում պատգամների մասին և Աստծու տան վերաշինության մասին ահա գրված է թագավորների գրքի հիշատակարանում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում