Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

23
Ապստամբություն Գոթողիայի դեմ
(Դ Թագ. 11.4-16)
1Յոթերորդ տարում Հովիադան քաջություն ունեցավ և դաշինք կնքեց հարյուրապետներ Հերոամի որդի Ազարիայի, Հոհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի և Զեքրիի որդի Եղիսափատի հետ։ 2Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմապետներին և եկան Երուսաղեմ։ 3Հավաքված ամբողջ ժողովուրդը դաշինք կնքեց թագավորի հետ Աստծու տանը։ Հովիադան նրանց ասաց. «Ահա՛ թագավորի որդին. թող նա թագավորի, ինչպես որ Տերն ասել է Դավթի որդիների մասին։ 4Ահա թե ի՛նչ պետք է անեք. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներիցդ և ղևտացիներիցդ նրանք, որ գալիս են շաբաթ օրը ծառայություն կատարելու, դռների պահապաններ թող լինեն, 5մեկ երրորդը թող լինի թագավորի տանը, մեկ երրորդ մասը՝ Հիմքի դռան մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ Տիրոջ տան գավթում։ 6Ոչ ոք չմտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից և ղևտացի ծառայողներից։ Նրանք թող մտնեն, որովհետև նրանք սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է պահի Տիրոջ հրամանը։ 7Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։ 8Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։ 9Հովիադա քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն ու վահանները, որ Աստծու տանն էին։ 10Նա ամբողջ ժողովրդին՝ ամեն մեկին զենքն իր ձեռքին, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը, սեղանի և տան մոտ, թագավորի շուրջը։ 11Դուրս հանեցին թագավորի որդուն, նրա վրա դրեցին թագն ու վկայությունը#23.11 Թագավորությունը կառավարելու օրենքների օրինակը։ և թագավոր դարձրին նրան։ Հովիադան և իր որդիները օծեցին նրան ու ասացին. «Կեցցե՛ արքան»։
12Գոթողիան, լսելով վազող և թագավորին շնորհավորող ժողովրդի ձայնը, գնաց ժողովրդի մոտ՝ Տիրոջ տունը։ 13Նա նայեց և տեսավ, որ թագավորը կանգնած է իր սյան մոտ՝ մուտքի կողքին, իսկ զորապետներն ու փողհարները՝ թագավորի մոտ. երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր. փողեր էին հնչեցնում, և երգիչներն ու երաժիշտները օրհներգում էին նվագարաններով։ Այն ժամանակ Գոթողիան պատռեց իր զգեստները և ասաց. «Դավաճանությու՜ն, դավաճանությու՜ն»։ 14Հովիադա քահանան հրամայեց հրամանատարներին, որոնք նշանակված էին զորքի վրա, և ասաց նրանց. «Դո՛ւրս հանեք դրան շարքերի միջից, և ով նրա հետևից գնա, սրով թող սպանվի», որովհետև քահանան ասել էր, թե՝ «Նրան չսպանեք Տիրոջ տանը»։ 15Նրանք ձերբակալեցին նրան, և երբ նա մտնում էր թագավորի պալատը մտնող ձիերի դռնով, այնտեղ սպանեցին նրան։
Հովիադայի բարեկարգությունները
(Դ Թագ. 11.17-20)
16Հովիադան ուխտ կնքեց իր, ամբողջ ժողովրդի և թագավորի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն։ 17Ամբողջ ժողովուրդը գնաց Բահաղի տունը. քանդեցին այն, ջարդեցին նրա զոհասեղաններն ու պատկերները, իսկ Բահաղի քուրմ Մատթանին սպանեցին զոհասեղանների առջև։ 18Հովիադան վերակացուներ դրեց Տիրոջ տան վրա այն ղևտացի քահանաներից, որոնց որոշել էր Դավիթը Տիրոջ տան համար, որպեսզի ողջակեզներ մատուցեն Տիրոջը, ինչպես գրված է Մովսեսի օրենքում՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։ 19Նա դռնապաններ կարգեց Տիրոջ տան դռների վրա, որպեսզի անմաքուր եղող մարդ որևէ կերպ ներս չմտնի։ 20Ապա վերցրեց հարյուրապետներին, ազնվականներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին և թագավորին իջեցրեց Տիրոջ տնից, և վերին դռնով մտան թագավորի տունը և թագավորին նստեցրին արքայական գահին։ 21Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, և քաղաքը խաղաղվեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում