Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:14-23

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:14-23 ՆՎԱԱ

Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան։ Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. «Ահա Աստծու կողմից մի չար ոգի նեղում է քեզ. թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։ Եվ Սավուղն իր ծառաներին ասաց. «Հիմա ինձ համար մի լավ քնարահա՛ր գտեք և նրան ինձ մո՛տ բերեք»։ Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որ քնար նվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։ Եվ Սավուղը պատգամավորներ ուղարկեց Հեսսեի մոտ և ասաց. «Քո որդի Դավթին, որ ոչխարների մոտ է, ուղարկի՛ր ինձ մոտ»։ Եվ Հեսսեն մի էշի վրա բեռնեց հաց, մի տիկ գինի և այծերից մի ուլ և իր որդի Դավթի միջոցով ուղարկեց Սավուղին։ Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. և Սավուղը շատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։ Եվ Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։ Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։