Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

16
Դավիթը թագավոր է օծվում
1Եվ Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա»։#16.1 Այսինքն՝ ընտրեցի։ 2Սամուելն ասաց. «Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի»։ Եվ Տերն ասաց. «Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝ “Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու”։ 3Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ»։
4Սամուելն արեց Տիրոջ ասածը և գնաց Բեթլեհեմ։ Քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան և ասացին. «Խաղաղությա՞մբ է գալդ»։ 5Եվ նա ասաց. «Խաղաղությամբ է, եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։ Սրբվեցե՛ք և ինձ հետ եկե՛ք զոհաբերության». և Հեսսեին ու նրա որդիներին սրբվել տվեց և նրանց հրավիրեց զոհաբերության։ 6Եվ երբ նրանք եկան, Եղիաբին տեսնելուն պես ասաց. «Ահա Տիրոջ օծյալը իր առջև է»։ 7Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ 8Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ 9Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ 10Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. «Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց»։ 11Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Սրա՞նք են քո բոլոր տղաները»։ Եվ Հեսսեն ասաց. «Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում»։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. «Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա»։ 12Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տերն ասաց. «Վե՛ր կաց, օծի՛ր դրան, որովհետև սա է»։ 13Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։
Դավիթը Սավուղի պալատում
14Եվ Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր#16.14 Եբր. սարսափեցնում էր։ նրան։ 15Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. «Ահա Աստծու կողմից մի չար ոգի նեղում է քեզ. 16թող մեր Տերը իր առջև եղած ծառաներին ասի, որ մի լավ քնարահար փնտրեն, և երբ չար ոգին Աստծու կողմից գա քեզ վրա, նա իր ձեռքով քնարը նվագի, և ավելի լավ կզգաս»։ 17Եվ Սավուղն իր ծառաներին ասաց. «Հիմա ինձ համար մի լավ քնարահա՛ր գտեք և նրան ինձ մո՛տ բերեք»։ 18Ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Ահա ես տեսել եմ բեթլեհեմացի Հեսսեի տղաներից մեկին, որ քնար նվագել գիտի և զորավոր, քաջ, պատերազմող, ճարտասան ու գեղեցիկ տեսքով մարդ է, և Տերը նրա հետ է»։ 19Եվ Սավուղը պատգամավորներ ուղարկեց Հեսսեի մոտ և ասաց. «Քո որդի Դավթին, որ ոչխարների մոտ է, ուղարկի՛ր ինձ մոտ»։ 20Եվ Հեսսեն մի էշի վրա բեռնեց հաց, մի տիկ գինի և այծերից մի ուլ և իր որդի Դավթի միջոցով ուղարկեց Սավուղին։ 21Եվ Դավիթը եկավ Սավուղի մոտ ու կանգնեց նրա առաջ. և Սավուղը շատ սիրեց նրան, և նա դարձավ նրա կապարճակիրը։
22Եվ Սավուղը մարդ ուղարկեց Հեսսեի մոտ՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, որովհետև նա շնորհ գտավ իմ առաջ»։ 23Եվ երբ Աստծու կողմից այն չար ոգին գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարն ու նվագում իր ձեռքով, և հանգստանում ու լավ էր զգում Սավուղը, և չար ոգին հեռանում էր նրանից։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք