Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13
13
Պատերազմ փղշտացիների դեմ
1Սավուղը ....#13.1 Եբր. թիվն անորոշ է։ տարեկան էր, երբ թագավոր եղավ։ Եվ երբ Իսրայելում երկու տարի թագավորեց, 2Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։
3Եվ Հովնաթանը ջարդեց փղշտացիների պահապան զորքերին, որ Գաբաայում էին, և փղշտացիները լսեցին այդ մասին։ Եվ Սավուղը փող փչել տվեց ամբողջ երկրում և ասաց. «Եբրայեցիները թող լսեն»։ 4Եվ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը ջարդել է փղշտացիների պահապան զորքերին, և Իսրայելն ատելի է դարձել փղշտացիներին. և ժողովուրդը հավաքվեց Գաղգաղայում՝ Սավուղի մոտ։ 5Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։ 6Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։ 7Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։
8Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։ 9Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։ 10Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։ 11Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում, 12այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ#13.12 Բռց. Տիրոջ առջև չեմ պաղատել։, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։ 13Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։ 14Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։
15Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։ 16Եվ Սավուղն ու նրա որդի Հովնաթանը և նրանց հետ եղած մարդիկ հաստատվեցին Բենիամինի Գաբաայում, իսկ փղշտացիների բանակը Մաքմասում էր։ 17Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը, 18մի ուրիշ գունդ ուղղվեց դեպի Բեթորոնի ճանապարհը, իսկ երրորդ գունդն ուղղվեց դեպի անապատ, որը սահմանի ճանապարհին նայում է դեպի Սեբոյիմի հովիտը։
19Եվ ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չէր գտնվում, որովհետև փղշտացիներն ասել էին. «Չթողնենք, որ եբրայեցիները սուր ու նիզակ շինեն»։ 20Եվ բոլոր իսրայելացիներն իջնում էին փղշտացիների մոտ՝ ամեն մարդ իր բրիչը, խոփը, կացինը և բահը սրել տալու համար։ 21Բրիչների, խոփերի, եռաժանի գործիքների ու կացինների բերանները կամ խթանները սրելու խարտոց ունեին։ 22Եվ եղավ այնպես, որ պատերազմի օրը Սավուղի և Հովնաթանի հետ եղած ժողովրդի ձեռքին ո՛չ սուր կար և ո՛չ էլ նիզակ. միայն Սավուղի և նրա որդի Հովնաթանի մոտ կար։ 23Եվ փղշտացիների պահապան զորքը գնաց դեպի Մաքմասի կիրճը։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018