Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12

12
Սամուելի հրաժեշտի պատգամը
1Եվ Սամուելը ամբողջ Իսրայելին ասաց. «Ահա ես լսեցի ձեր ձայնը և բոլոր այն բաները, որ դուք ինձ ասացիք, և ձեզ վրա թագավոր դրեցի։ 2Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։ 3Ահա ես այստեղ եմ. Տիրոջ առաջ և նրա օծյալի առաջ վկայեցե՛ք, թե ես ո՛ւմ եզն եմ վերցրել կամ ո՛ւմ էշն եմ վերցրել, կամ ո՛ւմ եմ զրկել կամ անիրավություն արել և կամ ո՛ւմ ձեռքից եմ կաշառք առել ու նրանով իմ աչքերը կուրացրել. ասացե՛ք, և ես կվերադարձնեմ ձեզ»։ 4Եվ ասացին. «Մեզ չես զրկել և անիրավություն չես արել և ոչ մի մարդու ձեռքից ոչ մի բան չես վերցրել»։ 5Եվ նա նրանց ասաց. «Տերը և նրա օծյալը թող այսօր ձեզ վկա լինեն, որ դուք իմ ձեռքում ոչ մի բան չգտաք»։ Եվ ասացին. «Թող վկա լինեն»։
6Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։ 7Եվ հիմա կանգնե՛ք, և Տիրոջ առաջ ես ձեզ հետ պիտի քննեմ այն բոլոր արդար գործերը, որ Տերն արել է ձեզ և ձեր հայրերին։ 8Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։ 9Բայց նրանք մոռացան իրենց Տեր Աստծուն, և նա էլ նրանց մատնեց Հասորի զորապետ Սիսարայի ձեռքը, փղշտացիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմում էին նրանց դեմ։ 10Եվ նրանք աղաղակեցին Տիրոջը և ասացին. “Մենք մեղք գործեցինք, որ թողեցինք Տիրոջը և ծառայեցինք Բահաղիմին ու Աստարովթին. և հիմա ազատի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և մենք կծառայենք քեզ”։ 11Եվ Տերն ուղարկեց Հերոբաաղին, Բեդանին, Հեփթայեին ու Սամուելին և ձեզ ազատեց ձեր շրջակա թշնամիների ձեռքից, և բնակվեցիք ապահովության մեջ։ 12Եվ երբ տեսաք, որ Նաասը՝ ամմոնացիների թագավորը, հարձակվում է ձեզ վրա, ինձ ասացիք. “Ո՛չ, թող անպատճառ մեզ վրա մի թագավոր լինի”, թեև ձեր թագավորը Տեր Աստվածն էր։ 13Եվ հիմա ահա այն թագավորը, որին ընտրեցիք և ուզեցիք. և ահա Տերը թագավոր դրեց ձեզ վրա։ 14Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։ 15Բայց եթե չհնազանդվեք նրա ձայնին և դեմ կանգնեք Տիրոջ հրամանին, այն ժամանակ Տիրոջ ձեռքը պիտի ծանրանա ձեզ վրա, ինչպես որ ձեր հայրերի վրա։ 16Եվ հիմա կանգնե՛ք և տեսե՛ք այն մեծ բանը, որ Տերը պիտի անի ձեր աչքերի առաջ։ 17Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։
18Այն ժամանակ Սամուելն աղաղակեց Տիրոջը, և Տերը նույն օրը որոտ ու անձրև տվեց, և ամբողջ ժողովուրդը խիստ վախեցավ Տիրոջից ու Սամուելից։ 19Եվ ամբողջ ժողովուրդը Սամուելին ասաց. «Քո Տեր Աստծուն աղո՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեր բոլոր մեղքերի վրա այս չարիքն էլ ավելացրինք, որ թագավոր ուզեցինք մեզ համար»։ 20Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։ 21Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։ 22Իսկ Տերը իր մեծ անվան համար չի լքի իր ժողովրդին, քանզի Տերն է ուզել, որ ձեզ դարձնի իր ժողովուրդը։ 23Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց, այլ ես ձեզ կսովորեցնեմ բարի և ուղիղ ճանապարհը։ 24Միայն թե վախեցե՛ք Տիրոջից և ճշմարտությամբ ու ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք նրան, քանզի տեսաք, թե նա ի՛նչ մեծ գործեր արեց ձեզ համար։ 25Իսկ եթե շարունակեք չարիք գործել, ապա դուք էլ, ձեր թագավորն էլ պիտի կորչեք»։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում