Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3

3
Սողոմոնն իմաստություն է խնդրում
(Բ Մն. 1.3-12)
1Եվ Սողոմոնը խնամիացավ Եգիպտոսի թագավոր փարավոնի հետ և կին առավ փարավոնի աղջկան ու նրան բերեց Դավթի քաղաք՝ դեռևս չվերջացրած իր պալատի և Տիրոջ տան ու Երուսաղեմի շրջապարսպի շինարարությունը։ 2Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։
3Թեև Սողոմոնը սիրեց Տիրոջը՝ հետևելով իր հայր Դավթի պատվերներին, սակայն ինքն էլ էր զոհ մատուցում և խնկարկում Բարձր տեղերի վրա։ 4Եվ թագավորը գնաց Գաբավոն՝ այնտեղ զոհ մատուցելու, որովհետև դա էր գլխավոր բարձր տեղը. և Սողոմոնը հազար ողջակեզ զոհեց այդ զոհասեղանի վրա։ 5Գաբավոնում գիշերը երազում Տերը երևաց Սողոմոնին, և Աստված ասաց. «Խնդրի՛ր, թե քեզ ինչ տամ»։ 6Եվ Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին՝ քո ծառային, և նա հավատարմությամբ ու արդարությամբ և անկեղծ սրտով ընթացավ քո առաջ՝ քեզ հետ, և դու քո այդ մեծ ողորմածությունը պահեցիր նրա համար և նրան մի որդի տվեցիր, և նա այսօր նստած է նրա աթոռին։ 7Արդ, Տե՛ր իմ Աստված, դու թագավոր դաձրիր քո ծառային իմ հայր Դավթի փոխարեն, բայց ես մի փոքր տղա եմ և կառավարելու մեջ անվարժ եմ։ 8Եվ քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի մեծ ժողովրդի, որի շատությունը ո՛չ թիվ ունի և ո՛չ էլ հաշիվ։ 9Ուրեմն իմաստությո՛ւն տուր քո ծառային՝ քո ժողովրդին դատելու, բարին ու չարն իրարից զանազանելու, որովհետև ո՞վ կարող է դատել քո այս մեծ ժողովրդին»։ 10Տիրոջը հաճելի եղավ այդ խոսքը, որ Սողոմոնը խնդրեց։ 11Եվ Աստված ասաց նրան. «Որովհետև դու այդ բանը խնդրեցիր և քեզ համար երկար կյանք չխնդրեցիր, հարստություն չխնդրեցիր քեզ համար և քո թշնամիների հոգիները չխնդրեցիր, այլ արդար դատաստան անելու իմաստություն խնդրեցիր, 12ահա քո խոսքի համաձայն կանեմ։ Ես քեզ տալիս եմ իմաստություն և հանճարեղ սիրտ, այնպես որ քեզնից առաջ քեզ նմանը չի եղել և քեզնից հետո էլ քեզ նմանը չի լինելու։ 13Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։ 14Եվ եթե հնազանդվես ինձ և իմ կանոններին ու պատվիրաններին հետևես, ինչպես քո հայր Դավիթը հնազանդվեց, ապա ես պիտի երկարացնեմ քո կյանքի օրերը»։ 15Սողոմոնը զարթնեց, և դա երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Տիրոջ ուխտի տապանակի առջև, ողջակեզներ մատուցեց և խաղաղության զոհեր բերեց և ճոխ խնջույք արեց իր բոլոր ծառաների համար։
Սողոմոնը դժվար հարց է լուծում
16Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։ 17Եվ կանանցից մեկն ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, ես ու այս կինը բնակվում ենք մի տան մեջ, և ես նրա մոտ՝ այդ տանը, որդի ծնեցի։ 18Այնպես եղավ, որ իմ ծննդաբերելու երրորդ օրն այս կինն էլ ծնեց։ Մենք միասին էինք, այդ տանն ուրիշ ոչ ոք չկար. մենակ մենք երկուսս էինք այդ տանը։ 19Այս կնոջ որդին գիշերը մեռել էր, որովհետև նա պառկած է եղել նրա վրա։ 20Եվ սա կեսգիշերին վեր է կացել, իմ մոտից վերցրել է իմ որդուն, երբ ես՝ քո աղախինը, քնած եմ եղել, նրան պառկեցրել է իր ծոցում, իսկ իր մեռած տղային պառկեցրել է իմ ծոցում։ 21Առավոտյան վեր կացա, որ կուրծք տամ տղայիս, տեսա՝ մեռած է, բայց ցերեկն ուշադիր նայեցի. դա իմ ծնած տղան չէր»։ 22Իսկ մյուս կինն ասում էր. «Ո՛չ, կենդանին իմ տղան է, քո տղան մեռածն է»։ Առաջին կինն էլ ասում էր. «Ո՛չ, քո տղան մեռածն է, իմ տղան կենդանին է»։ Եվ այսպես խոսում էին թագավորի առաջ։ 23Եվ թագավորն ասաց. «Դու ասում ես. “Այս կենդանի տղան իմն է, քո տղան մեռածն է”, դու էլ ասում ես. “Ո՛չ, քո տղան մեռածն է, իսկ կենդանի տղան իմն է”»։ 24Եվ թագավորն ասաց. «Մի սո՛ւր բերեք ինձ մոտ». և սուրը բերեցին թագավորի առաջ։ 25Եվ թագավորն ասաց. «Կտրե՛ք, երկու կտո՛ր արեք այս կենդանի երեխային. կեսը տվե՛ք մեկին, կեսը՝ մյուսին»։ 26Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։ 27Թագավորը պատասխանեց և ասաց. «Նրա՛ն տվեք կենդանի երեխային, մի՛ սպանեք նրան. այդ կինը նրա մայրն է»։ 28Ամբողջ Իսրայելը լսեց այդ դատաստանի մասին, որ վճռել էր թագավորը, և վախեցան թագավորից, որովհետև տեսան, որ նրա մեջ Աստծու իմաստությունը կար դատաստան անելու համար։

Արդեն Ընտրված.

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք