Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2

2
Դավթի վերջին հրահանգները Սողոմոնին
1Դավթի մեռնելու օրերը մոտեցան, և նա պատվիրեց իր որդի Սողոմոնին՝ ասելով. 2«Ես գնում եմ ամբողջ երկրի ճանապարհը, բայց դու զորացի՛ր և քաջարի՛ եղիր։ 3Եվ պահի՛ր քո Տեր Աստծու պատվերները, որ գնաս նրա ճանապարհով, որ պահես նրա կանոնները, պատվիրանները, իրավունքներն ու ցուցումները, ինչպես գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողություն ունենաս ամեն բանում, ինչ որ անես, և ամենուր, որտեղ էլ լինես։ 4Տերը թող հաստատի այն խոստումը, որ ասաց իմ մասին. “Եթե քո որդիները զգուշավոր լինեն իրենց ընթացքին և իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզնից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։ 5Դու գիտես նաև, թե ինձ ինչ է արել Շարուհեայի որդի Հովաբը, այն, ինչ արեց Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին. նրանց սպանեց և խաղաղ ժամանակ արյուն թափեց, ինչպես պատերազմում, և պատերազմի արյամբ ներկեց իր մեջքի գոտին և իր ոտքի կոշիկները։ 6Եվ դու ըստ քո իմաստությա՛ն վարվիր և չթողնես, որ նրա ալևոր մազերը խաղաղ իջնեն գերեզման։ 7Բայց գաղաադացի Բերզելիի որդիներին բարությո՛ւն արա, որ լինեն քո սեղանից ուտողների հետ, որովհետև նրանք ինձ հետ այդպես վարվեցին, երբ ես փախչում էի քո եղբայր Աբիսողոմից։ 8Եվ ահա քեզ մոտ է բավուրիմացի Բենիամինի որդի Գերայի որդին՝ Սեմեին. նա ինձ ծանր անեծքներով անիծել է, երբ ես Մանայիմ էի գնում. բայց նա եկավ Հորդանանի ափին ինձ դիմավորելու, և ես Տիրոջ անունով երդվեցի նրան ու ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։ 9Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։
Դավթի մահը
10Եվ Դավիթը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում։ 11Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում թագավորել էր երեսուներեք տարի։
12Եվ Սողոմոնը նստեց իր հոր՝ Դավթի աթոռին, և շատ հաստատուն էր նրա թագավորությունը։
Ադոնիայի մահը
13Եվ Ագգիթի որդի Ադոնիան եկավ Սողոմոնի մոր՝ Բերսաբեի մոտ, և Բերսաբեն ասաց. «Բարի՞ է գալուստդ»։ Նա էլ ասաց. «Բարի է»։ 14Եվ ասաց. «Ես մի խոսք ունեմ քեզ ասելու»։ Եվ Բերսաբեն ասաց՝ ասա՛։ 15Նա էլ ասաց. «Դու գիտես, որ թագավորությունն իմն էր դարձել, և ամբողջ Իսրայելն իր հայացքը դարձրել էր դեպի ինձ, որ ես թագավորեի, բայց թագավորությունը շուռ եկավ ինձնից և անցավ իմ եղբորը, որովհետև Տերը տվեց նրան։ 16Եվ հիմա ես քեզնից միայն մի խնդրանք ունեմ. ինձ չմերժես»։ Եվ Բերսաբեն ասաց նրան՝ ասա՛։ 17Եվ նա ասաց. «Սողոմոն թագավորին ասա՛, քանի որ քեզ չի մերժի, որ նա սունամացի Աբիսակին ինձ կնության տա»։ 18Եվ Բերսաբեն ասաց. «Լավ, ես քո մասին կխոսեմ թագավորի հետ»։
19Բերսաբեն գնաց Սողոմոն թագավորի մոտ՝ Ադոնիայի մասին նրա հետ խոսելու։ Թագավորը վեր կացավ նրան դիմավորելու և երկրպագեց նրան ու նստեց իր աթոռին, իսկ թագավորի մոր համար աթոռ դրեցին, և մայրը նստեց նրա աջ կողմը։ 20Եվ Բերսաբեն ասաց. «Ես մի փոքր խնդրանք ունեմ քեզնից. ինձ չմերժես»։ Եվ թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, մա՛յր իմ, ես քեզ չեմ մերժի»։ 21Եվ Բերսաբեն էլ ասաց. «Թող սունամացի Աբիսակը կնության տրվի քո եղբայր Ադոնիային»։ 22Եվ Սողոմոն թագավորը պատասխանեց և ասաց իր մորը. «Էլ ինչո՞ւ ես միայն սունամացի Աբիսակին խնդրում Ադոնիայի համար. նրա համար իմ թագավորությո՛ւնն էլ խնդրիր, որովհետև նա իմ եղբայրն է՝ ինձնից մեծը, և Աբիաթար քահանան ու Շարուհեայի որդի Հովաբն իր կողմնակիցներն են»։ 23Եվ Սողոմոն թագավորը երդվեց Տիրոջ անունով. «Թող Աստված ինձ այսպես անի ու էլ ավելին անի, եթե Ադոնիայի խոսքն իր իսկ կյանքի դեմ չէ։ 24Արդ կենդանի է Տերը, որ ինձ հաստատեց և նստեցրեց իմ հոր՝ Դավթի աթոռին և ինձ համար տուն շինեց, ինչպես ասել էր. “Այսօր իսկ Ադոնիան պիտի մեռնի”»։ 25Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։
Աբիաթարի աքսորը և Հովաբի մահը
26Եվ թագավորն ասաց Աբիաթար քահանային. «Գնա՛ Անաթովթ՝ քո արտերը, որովհետև դու արժանի ես մահվան, բայց ես այսօր քեզ չեմ սպանի, քանի որ իմ հոր՝ Դավթի առջև կրել ես Տեր Աստծու տապանակը և դու հորս քաշած բոլոր նեղություններին մասնակից եղար»։ 27Եվ Սողոմոնն Աբիաթարին հեռացրեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Հեղիի տան մասին ասել էր Սելովում։
28Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ 29Սողոմոն թագավորին իմաց տվին, թե Հովաբը փախել է Տիրոջ վրանը, և ահա նա զոհասեղանի մոտ է։ Եվ Սողոմոնը Հովիադայի որդի Բանեային ուղարկեց՝ ասելով. «Գնա՛, սպանի՛ր նրան»։ 30Բանեան եկավ Տիրոջ վրանը և ասաց Հովաբին. «Թագավորն այսպես է ասում. “Դո՛ւրս եկ”»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ես այստեղ եմ մեռնելու»։ Եվ Բանեան այդ խոսքը փոխանցեց թագավորին՝ ասելով. «Հովաբն այսպես ասաց և ինձ այսպես պատասխանեց»։ 31Եվ թագավորն ասաց նրան. «Արա այնպե՛ս, ինչպես որ ասել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և հեռացրո՛ւ ինձնից ու իմ հոր տնից այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։ 32Տերը նրա թափած արյունը նրա գլխին թափի, որովհետև նա առանց իմ հոր գիտության սուրը քաշել ու սպանել է իրենից արդար ու լավ երկու մարդկանց՝ Իսրայելի զորապետ Ներեի որդի Աբեններին և Հուդայի զորապետ Հեթերի որդի Ամեսայիին։ 33Թող նրանց արյունը Հովաբի գլխին գա և հավիտյան՝ նրա սերնդի գլխին, իսկ Տերը հավիտյան խաղաղություն տա Դավթին ու նրա սերնդին, նրա տանն ու աթոռին»։ 34Եվ Հովիադայի որդի Բանեան գնաց, խփեց ու սպանեց նրան, և նա թաղվեց իր տանը՝ անապատում։ 35Թագավորը Հովիադայի որդի Բանեային նրա փոխարեն կարգեց զորքի հրամանատար, իսկ Աբիաթարի փոխարեն նշանակեց Սադովկ քահանային։
Սեմեիի մահը
36Թագավորը մարդ ուղարկեց ու կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում և բնակվի՛ր այնտեղ ու այնտեղից այս կամ այն կողմ դուրս մի՛ ելիր։ 37Այն օրը, որ դուրս եկար ու անցար Կեդրոնի հեղեղատը, հաստատ իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես, և քո արյունը քո գլխին գա»։ 38Եվ Սեմեին ասաց թագավորին. «Բարի է այդ խոսքը, որ ասացիր. ինչպես ասաց իմ տեր թագավորը, այնպես էլ կանի քո ծառան»։ Եվ Սեմեին երկար ժամանակ բնակվեց Երուսաղեմում։
39Բայց երեք տարի անց այնպես եղավ, որ Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի թագավոր Մաաքայի որդի Անքուսի մոտ, և Սեմեիին հայտնեցին, թե՝ «Ահա քո ծառաները Գեթում են»։ 40Եվ Սեմեին վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Գեթ՝ Անքուսի մոտ՝ իր ծառաներին որոնելու։ Սեմեին գնաց ու իր ծառաներին բերեց Գեթից։ 41Եվ Սողոմոնին հայտնեցին, թե Սեմեին Երուսաղեմից գնացել է Գեթ և վերադարձել։ 42Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ 43Հապա ինչո՞ւ չպահեցիր Տիրոջ երդումը և այն պատվերը, որ ես քեզ պատվիրեցի»։ 44Եվ թագավորն ասաց Սեմեիին. «Հիմա իմացի՛ր, որ այն ամբողջ չարությունը, որ քո սիրտը գիտի, և դու արել ես իմ հորը՝ Դավթին, Տերը քո չարիքները թափելու է քո գլխին։ 45Օրհնյա՜լ է Սողոմոն թագավորը, և հավիտյան հաստատ է Դավթի աթոռը Տիրոջ առաջ»։ 46Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։

Արդեն Ընտրված.

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում