Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4

4
Սողոմոնի պաշտոնյաները
1Եվ Սողոմոն թագավորը թագավոր էր ամբողջ Իսրայելի վրա։ 2Եվ սրանք էին նրա գլխավոր պաշտոնյաները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանա, 3Սիսայի որդիները՝ Ելիքորեփը և Աքիան՝ քարտուղարներ, Աքիուդի որդի Հոսափատը՝ ատենագիր, 4Հովիադայի որդի Բանեան՝ հրամանատար, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ, 5Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ, 6Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։
7Սողոմոնը տասներկու կուսակալներ ուներ ամբողջ Իսրայելում, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս պարեն էր տալիս թագավորին և նրա տանը։ 8Սրանք էին նրանց անունները. Բենովրը՝ Եփրեմի սարում, 9Բենդակիրը՝ Մաքասում և Սաղաբիմում, Բեթսամյուսում և Ելոն-Բեթանանում, 10Բենհեսեդը՝ Արարովթում. նրանն էր Սոքովը և Ոփերի ամբողջ երկիրը։ 11Բենարինադաբը՝ ամբողջ Դովրի գավառում. Սողոմոնի աղջիկ Տափատը նրա կինն էր։ 12Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։ 13Բենգաբերը՝ Ռամովթ-Գաղաադում. նրանն էին Մանասեի Հայերի գյուղաքաղաքները, նրանն էին Բասանում գտնվող Արգովբի գավառը Բասանում և վաթսուն մեծ ու պարսպապատ և պղնձանիգ քաղաքներ։ 14Ադդովի որդի Աքինաբադը՝ Մանայիմում, 15Աքիմաասը՝ Նեփթաղիմում. սա էլ կնության էր առել Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։ 16Քուսիի որդի Բաանան՝ Ասերում և Բաալոթում, 17Փարուայի որդի Հոսափատը՝ Իսաքարում, 18Էլայի որդի Սեմեին՝ Բենիամինում, 19Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ ամորհացիների Սեհոն թագավորի և Բասանի Ովգ թագավորի երկրում. այդ երկրում մեկ կուսակալ կար։
Սողոմոնի բարգավաճ իշխանությունը
20Հուդայի և Իսրայելի բնակչությունը շատ էր, ինչպես ավազը ծովեզերքին. նրանք ուտում էին, խմում և ուրախանում։ 21Եվ Սողոմոնն իշխում էր բոլոր թագավորությունների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրը և Եգիպտոսի սահմանը. սրանք ընծաներ էին բերում և ծառայում Սողոմոնին նրա կյանքի բոլոր օրերին։
22Սողոմոնի մեկ օրվա պարենը երեսուն քոռ նաշիհ էր և վաթսուն քոռ ալյուր, 23տասը գեր արջառ, արոտավայրում սնված քսան արջառ և հարյուր ոչխար, բացի եղջերուներից, այծյամներից ու վիթերից և գիրացրած հավազգիներից, 24որովհետև նա իշխում էր գետի այս կողմի բոլոր տարածքների վրա՝ Թափսայից մինչև Գազա, և գետի այս կողմի բոլոր թագավորների վրա, և խաղաղություն էր տիրում իրեն հպատակ շրջակա բոլոր երկրներում։ 25Հուդան ու Իսրայելը բնակվում էին ապահով, ամեն մարդ իր որթատունկի ու թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե՝ Սողոմոնի թագավորության բոլոր օրերին։
26Եվ Սողոմոնն իր կառքի ձիերի համար քառասուն հազար ախոռ ուներ և տասներկու հազար ձիավոր։ 27Եվ այն գործակալները, յուրաքանչյուրն իր ամսին, առանց մի բան պակասեցնելու, պարեն էին տալիս Սողոմոն թագավորին և բոլոր նրանց, ովքեր սեղան էին նստում նրա հետ։ 28Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։
29Աստված Սողոմոնին իմաստություն և շատ մեծ հանճար տվեց և սրտի լայնախոհություն՝ ծովի եզերքի ավազի չափ։ 30Եվ Սողոմոնի իմաստությունն ավելի շատ էր բոլոր արևելցիների իմաստությունից և ամբողջ Եգիպտոսի իմաստությունից։ 31Նա բոլոր մարդկանցից իմաստուն էր. եզրահեցի Եթանից, Մավուլի որդիներ Եմանից, Քալքոլից և Դարդայից. և նրա անունը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։ 32Նա երեք հազար առակ է ասել, իսկ նրա երգերը հազար հինգն էին։ 33Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրիից մինչև պատի վրա բուսնող զոպան, խոսել է նաև կենդանիների և թռչունների, զեռունների և ձկների մասին։ 34Եվ բոլոր ազգերից մարդիկ էին գալիս՝ լսելու Սողոմոնի իմաստությունը, և երկրի բոլոր թագավորներից, որոնք լսել էին նրա իմաստության համբավը։

Արդեն Ընտրված.

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք