YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 11

11
Հովհաննես Մկրտչի պատգամաբերները
(Ղուկ. 7.18-35)
1Երբ Հիսուսն իր տասներկու աշակերտներին պատվեր տալն ավարտեց, այնտեղից գնաց ուսուցանելու և քարոզելու նրանց քաղաքներում։
2Իսկ Հովհաննեսը, բանտում Քրիստոսի գործերի մասին լսելով, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով 3նրան հարցրեց. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»։ 4Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ 5Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում։ 6Եվ երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի»։
Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին
7Բայց երբ նրանք գնացին, Հիսուսն սկսեց Հովհաննեսի մասին ժողովրդին ասել. «Ի՞նչ տեսնելու համար անապատ ելաք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։ 8Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են։ 9Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, ավելի՛ն, քան մարգարեն։ 10Որովհետև այդ նա է, ում մասին գրված է.
"Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից,
որը քո առաջ կպատրաստի քո ճանապարհը" (Մղք. 3.1)։
11Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է։ 12Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։ 13Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել։ 14Եվ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ 15Ով լսելու ականջ ունի, թող լսի։
16Բայց այս սերնդին ո՞ւմ նմանեցնեմ. նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին 17ու ասում.
"Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք.
մենք ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք չողբացիք"։
18Որովհետև Հովհաննեսը եկավ, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. "Նրա մեջ դև կա"։ 19Մարդու Որդին եկավ, ուտում է և խմում, ու ասում են. "Ահա մի մարդ՝ ուտող և գինի խմող, մաքսավորների ու մեղավորների բարեկամն է", և իմաստությունն արդարացվեց նրա գործերից»։
Վա՜յ անհավատ քաղաքներին
(Ղուկ. 10.13-15)
20Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին։ 21«Վա՛յ քեզ, Քորազի՛ն, վա՛յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քրձով ու մոխրով ապաշխարած կլինեին։ 22Բայց ձեզ ասում եմ. Տյուրոսի ու Սիդովնի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան ձեզ համար։ 23Եվ դու, Կափառնաո՛ւմ,
որ մինչև երկինք ես բարձրացել,
մինչև դժոխք պիտի իջնես.
որովհետև եթե այն հրաշքները, որ քո մեջ են կատարվել, Սոդոմում կատարված լինեին, մինչև այսօր պահպանված կլիներ։ 24Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։
Գոհություն երկնավոր Հորը
(Ղուկ. 10.21-22)
25Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, երկնքի ու երկրի Տե՛ր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր և մանուկներին հայտնեցիր։ 26Այո՛, Հա՛յր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ 27Ամեն բան ինձ իմ Հորից տրվեց։ Ոչ ոք Որդուն չի ճանաչում, բացի Հորից, և ոչ ոք Հորը չի ճանաչում, բացի Որդուց և նրանից, ում Որդին կուզենա հայտնել։ 28Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ 29Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, 30որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։

Currently Selected:

Մատթեոս 11: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in