YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 12

12
Շաբաթ օրը հարգելու հարցը
(Մրկ. 2.23-28, Ղուկ. 6.1-5)
1Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել։ 2Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։ 3Իսկ նա ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ ինքն ու իր հետ եղողները քաղցեցին. 4ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։ 5Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։ 6Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ 7Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" (Ովս. 6.6), անմեղներին չէիք դատապարտի։ 8Սակայն Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։
Չորացած ձեռքի բժշկումը
(Մրկ. 3.1-6, Ղուկ. 6.6-11)
9Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։ 10Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։ 11Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ 12Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ 13Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։ 14Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։
15Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ 16Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, 17որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը.
18 «Ահա իմ ծառան, որին ընտրեցի,
իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ.
իմ Հոգին նրա վրա կդնեմ,
և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։
19 Նա չի հակառակվի, չի աղաղակի,
և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։
20 Ջախջախված եղեգը չի փշրի
և առկայծող պատրույգը չի հանգցնի,
մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։
21 Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա» (Ես. 42.1-4)։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մրկ. 3.22-30, Ղուկ. 11.14-23, 6.43-45)
22Այդ ժամանակ Հիսուսի մոտ մի կույր ու համր դիվահար բերվեց, և նա բժշկեց նրան, այնպես որ կույր ու համրը և՛ տեսավ, և՛ խոսեց։ 23Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։ 24Սակայն փարիսեցիները լսեցին և ասացին. «Դա դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»։ 25Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց. «Ամեն թագավորություն, որ իր մեջ մասնատված է, կավերվի, և ինքն իր մեջ մասնատված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ 26Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է, արդ նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա։ 27Եվ եթե ես դևերին Բեեղզեբուղի միջոցով եմ հանում, ապա ձեր որդինե՞րն ինչով են հանում։ Դրա համար էլ նրա՛նք ձեր դատավորները կլինեն։ 28Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։ 29Կամ ինչպե՞ս կարող է մեկը հզոր մարդու տունը մտնել ու նրա ունեցածը հափշտակել, եթե նախ այդ հզորին չկապի և հետո նրա տունը կողոպտի։ 30Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ 31Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք ու հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը մարդկանց չի ներվի։ 32Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։
33Եթե ծառը լավը համարեք, նրա պտուղը ևս լավը կլինի, իսկ եթե ծառը վատը համարեք, նրա պտուղը ևս վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ 34Իժերի՛ ծնունդներ, դուք ինչպե՞ս կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ 35Բարի մարդն իր սրտի բարի գանձից է բարիքներ հանում, իսկ չար մարդը չար գանձից է չարիք հանում։ 36Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ 37Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես և քո խոսքերից պիտի դատապարտվես»։
Նշանի հայցում
(Մրկ. 8.11-12, Ղուկ. 11.29-32)
38Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք Հիսուսին պատասխանեցին՝ ասելով. «Վարդապե՛տ, ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»։ 39Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ 40Որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորում, այնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի սրտում։ 41Նինվեացիները դատաստանին այս սերնդի հետ վեր կկենան և կդատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծն է։ 42Հարավի թագուհին դատաստանին այս սերնդի հետ վեր կկենա և կդատապարտի նրան, որովհետև երկրի մյուս ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։
Պիղծ ոգու վերադարձը
(Ղուկ. 11.24-26)
43Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդու միջից, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում, բայց չի գտնում։ 44Այդ ժամանակ ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա"։ Եվ գալիս, այն գտնում է դատարկված, մաքրված ու հարդարված։ 45Այդ ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մրկ. 3.31-35, Ղուկ. 8.19-21)
46Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ 47Եվ մեկն ասաց նրան. «Ահա մայրդ ու եղբայրներդ, դրսում կանգնած, ուզում են խոսել քեզ հետ»։ 48Նա պատասխանեց իրեն ասողին ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ովքե՞ր են իմ եղբայրները»։ 49Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները մեկնելով՝ ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։ 50Որովհետև ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»։

Currently Selected:

Մատթեոս 12: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in