YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 10

10
Տասներկուսի ընտրությունը
(Մրկ. 3.13-19, Ղուկ. 6.12-16)
1Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։
2Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, 3Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, 4Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան։
Տասներկուսի առաքելությունը
(Մրկ. 6.7-13, Ղուկ. 9.1-6)
5Հիսուսն այս տասներկուսին ուղարկեց և նրանց պատվիրեց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք. 6ավելի լավ է՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ գնաք։ 7Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ 8Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։ 9Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք. 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։ 11Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։ 12Երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք։ 13Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։ 14Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը սոդոմացիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։
Նեղություններ և հալածանքներ
(Մրկ. 13.9-13, Ղուկ. 21.12-17, 12.2-12)
16Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ 17Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ 18Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։ 19Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, 20քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։ 21Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ 22Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ 23Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք, որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը։
24Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ 25Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։
26Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ 27Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։ 28Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ 29Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ 30Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ 31Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։
32Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ 33Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
Սուր և խաչ
(Ղուկ. 12.51-53, 14.26-27)
34Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։ 35Որովհետև եկել եմ
բաժանելու որդուն իր հորից,
աղջկան՝ իր մորից,
հարսին՝ իր սկեսրոջից։
36 Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն (Միք. 7.6)։
37Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։ 39Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։ 40Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ 41Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։ 42Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։

Currently Selected:

Մատթեոս 10: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in