YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 30

30
1Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակներ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և ասաց Հակոբին. «Որդինե՛ր տուր ինձ, եթե ոչ, կմեռնեմ»։ 2Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։ 3Եվ Ռաքելն ասաց. «Ահա իմ աղախին Բաղղան. մտի՛ր նրա մոտ. թող նա իմ ծնկների վրա ծնի, և ես էլ նրանից որդիներ ստանամ»։ 4Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։ 5Բաղղան հղիացավ և Հակոբի համար մի որդի ծնեց։ 6Ռաքելն ասաց. «Աստված դատաստան արեց ինձ և իմ ձայնն էլ լսեց և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը Դան#30.6 Դատաստան։ դրեց։ 7Ռաքելի աղախին Բաղղան դարձյալ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդին ծնեց։ 8Ռաքելն ասաց. «Հզոր ըմբշամարտությամբ մարտնչեցի իմ քրոջ դեմ ու հաղթեցի էլ»։ Եվ նրա անունը Նեփթաղիմ#30.8 Ըմբշամարտություն։ դրեց։ 9Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։ 10Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ 11Լիան ասաց. «Բախտս բերեց»։ Եվ նրա անունը Գադ#30.11 Բախտ։ դրեց։ 12Լիայի աղախին Զեղփան երկրորդ որդին ծնեց Հակոբի համար։ 13Լիան ասաց. «Երանելի եմ, որովհետև աղջիկներն ինձ երանի են տալու»։ Եվ նրա անունը Ասեր#30.13 Երանելի։ դրեց։
14Ռուբենը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորներ#30.14 Մի տեսակ պտուղ։ գտավ և բերեց իր մայր Լիային։ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ՝ քո որդու մանրագորներից ինձ տաս»։ 15Բայց Լիան ասաց նրան. «Իմ ամուսնուն առնելը քի՞չ է, որ իմ որդու մանրագորներն էլ առնես»։ Ռաքելն ասաց. «Ուրեմն թող այս գիշեր նա քեզ հետ պառկի քո որդու մանրագորների փոխարեն»։ 16Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան դիմավորելու և ասաց. «Ինձ մոտ պիտի մտնես, որովհետև քեզ վարձել եմ իմ որդու մանրագորների դիմաց»։ Եվ նա այդ գիշեր պառկեց նրա հետ։ 17Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդին ծնեց։ 18Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար#30.18 Վարձք։ դրեց։ 19Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։ 20Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն#30.20 Բնակություն։ դրեց։ 21Հետո մի աղջիկ ծնեց և նրա անունը Դինա#30.21 Դատաստան (անվան իգական ձև)։ դրեց։
22Աստված հիշեց Ռաքելին. և Աստված լսեց նրան ու նրա արգանդը բացեց։ 23Նա հղիացավ, մի որդի ծնեց և ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»։ 24Եվ նրա անունը Հովսեփ#30.24 Ավելացրեց։ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։
Հակոբը սակարկում է Լաբանի հետ
25Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը։ 26Տո՛ւր ինձ իմ կանանց և որդիներին, որոնց համար ծառայեցի քեզ, ի՛նձ տուր, որ գնամ. որովհետև գիտես իմ ծառայությունը, որ ես ծառայել եմ քեզ»։ 27Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով#30.27 Եբր. հմայելով։ իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։ 28Եվ ասաց. «Քո վարձն ասա՛ ինձ, և ես կվճարեմ»։ 29Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ, և քո անասուններն ինչպես էին ինձ մոտ. 30որովհետև իմ գալուց առաջ քո ունեցածը քիչ էր, բայց աճեց ու շատացավ։ Տերը օրհնեց քեզ իմ գալու առթիվ. իսկ հիմա իմ տան համար ես ե՞րբ եմ աշխատելու»։ 31Լաբանն ասաց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասելու եմ քեզ, ես դարձյալ կարածեցնեմ և կպահեմ քո հոտը։ 32Այսօր թող անցնեմ քո բոլոր հոտերի միջով և դրանցից առանձնացնեմ պիսակավոր և խայտաբղետ բոլոր ոչխարներն ու բոլոր սև գառները, խայտաբղետ ու պիսակավոր այծերը, և դրանք իմ վարձը լինեն։ 33Իմ արդարությունը ապագա օրերին կերևա քո առաջ, երբ գաս իմ վարձը տեսնելու. ինձ մոտ եղած բոլոր այծերը, որոնք պիսակավոր ու խայտաբղետ չեն լինի, և գառները՝ սև, դրանք իմ կողմից գողացված թող համարվեն»։ 34Եվ Լաբանն ասաց. «Թող քո ասածի պես լինի»։ 35Այդ օրը Լաբանը ջոկեց բծավոր ու խայտաբղետ նոխազները և բոլոր պիսակավոր ու խայտաբղետ այծերը և ամեն սպիտակ ունեցողը, բոլոր սև գառները և տվեց իր որդիներին։ 36Եվ երեք օրվա ճանապարհ դրեց իր և Հակոբի միջև։ Հակոբն արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։
37Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։ 38Եվ իր քերծած ճիպոտները դրեց ջրի ավազանների մեջ, որպեսզի երբ հոտերը գան ջուր խմելու, դրանք ոչխարների առաջ լինեն, և նրանք տաքանան, երբ որ խմելու գան։ 39Ոչխարները տաքանում էին ճիպոտների մոտ, և ոչխարները ծնում էին բծավոր, պիսակավոր ու խայտաբղետ գառներ։ 40Հակոբն առանձնացնում էր պիսակավոր գառները և հոտերի երեսը դարձնում էր Լաբանի հոտերի մեջ եղած բոլոր բծավոր ու սև ոչխարների կողմը։ Նա իր հոտերն առանձին դրեց և դրանք Լաբանի հոտերի մոտ չդրեց։ 41Ամեն անգամ, երբ ուժեղ ոչխարները տաքանում էին, Հակոբն այդ ճիպոտները դնում էր ոչխարների աչքի առաջ՝ գուռերի մեջ, որպեսզի նրանք տաքանան ճիպոտների մոտ։ 42Բայց տկար ոչխարներին չէր դնում. և տկարները Լաբանինը եղան, իսկ ուժեղները՝ Հակոբինը։ 43Եվ այսպես Հակոբը չափազանց զորացավ և բազմաթիվ հոտեր, աղախիններ ու ծառաներ, ուղտեր ու էշեր ունեցավ։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 30: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in