YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 29

29
Հակոբը հասնում է Լաբանի տունը
1Հակոբը ճանապարհ ընկավ և գնաց Արևելքի որդիների երկիրը։ 2Նայեց և ահա տեսավ, որ դաշտում մի ջրհոր կար. ահա այնտեղ՝ նրա մոտ, ոչխարների երեք հոտեր էին պառկել, որովհետև այդ ջրհորից էին ջուր տալիս հոտերին։ Ջրհորի բերանին մի մեծ քար կար։ 3Երբ բոլոր հոտերն այնտեղ էին հավաքում, ջրհորի բերանից քարը գլորում էին, հոտերին ջուր էին տալիս և քարը դարձյալ դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։ 4Հակոբն ասաց հովիվներին. «Եղբայրնե՛րս, դուք որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք Խառանից ենք»։ 5Նա հարցրեց նրանց. «Նաքորի որդի Լաբանին ճանաչո՞ւմ եք»։ Նրանք ասացին. «Ճանաչում ենք»։ 6Նա հարցրեց նրանց. «Ողջ-առո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ-առողջ է. ահա նրա աղջիկ Ռաքելը գալիս է ոչխարների հետ»։ 7Եվ Հակոբն ասաց. «Օրը դեռ առջևում է, և հոտերը հավաքելու ժամանակը չէ. ջո՛ւր տվեք ոչխարներին և տարեք արածեցրե՛ք»։ 8Նրանք ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը մեկտեղ չհավաքվեն. այն ժամանակ քարը կգլորեն ջրհորի բերանից, և ջուր կտանք ոչխարներին»։ 9Մինչ խոսում էր նրանց հետ, Ռաքելը եկավ իր հոր ոչխարների հետ, որովհետև նա էր դրանց հովիվը։ 10Եվ երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Հակոբը մոտեցավ, քարը գլորեց ջրհորի բերանից և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։ 11Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձր ձայնով լաց եղավ։ 12Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին. նա էլ վազեց և պատմեց իր հորը։ 13Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին լուրը, վազեց նրան դիմավորելու, գրկեց և համբուրեց նրան ու տարավ իր տունը։ Եվ նա Լաբանին պատմեց այս բոլոր բաները։ 14Լաբանն ասաց նրան. «Իրոք որ դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես»։ Եվ Հակոբը նրա հետ մնաց մի ամբողջ ամիս։
Հակոբը ծառայում է Լաբանին Ռաքելի և Լիայի համար
15Լաբանն ասաց Հակոբին. «Մի՞թե դու, որ իմ հարազատն ես, ինձ պիտի ձրի ծառայես. ասա՛ ինձ, ի՞նչ է քո վարձը»։ 16Լաբանն ուներ երկու աղջիկ. մեծի անունը՝ Լիա, փոքրի անունը՝ Ռաքել։ 17Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքելը գեղեցիկ էր տեսքով և գեղեցիկ՝ դեմքով։ 18Հակոբը սիրեց Ռաքելին և ասաց. «Քո փոքր աղջիկ Ռաքելի համար յոթ տարի կծառայեմ քեզ»։ 19Լաբանն ասաց. «Ավելի լավ է, որ ես նրան քեզ տամ, քան թե ուրիշ մարդու տամ նրան։ Բնակվի՛ր ինձ մոտ»։ 20Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց դրանք նրա աչքին մի քանի օրերի պես էին, որովհետև սիրում էր նրան։
21Հակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր իմ կնոջը, որպեսզի ես մտնեմ նրա մոտ, որովհետև իմ օրերը լրացել են»։ 22Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։ 23Իսկ երեկոյան նա վերցրեց իր Լիա աղջկան և բերեց նրա մոտ, և Հակոբը նրա մոտ մտավ։ 24Լաբանն իր աղախին Զեղփային որպես աղախին տվեց իր աղջիկ Լիային։ 25Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։ 26Լաբանն ասաց. «Մեր երկրում այսպես չեն անում, որ փոքր աղջկան մեծից առաջ տան։ 27Լրացրո՛ւ հարսանեկան այս շաբաթը, և ես սրան էլ կտամ քեզ այն ծառայության համար, որ դու յոթ տարի ծառայես ինձ»։ 28Հակոբն այդպես արեց. և այն շաբաթն էլ լրացրեց, և Լաբանն իր աղջիկ Ռաքելին կնության տվեց նրան։ 29Լաբանն իր աղախին Բաղղային որպես աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։ 30Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեց Լաբանին։
Հակոբը զավակներ է ունենում
31Երբ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արգանդը բացեց, իսկ Ռաքելն ամուլ էր։ 32Լիան հղիացավ և մի որդի ծնեց. նրա անունը Ռուբեն#29.32 Ահա որդի։ դրեց, որովհետև ասաց. «Տերը տեսավ իմ տառապանքը, ուրեմն հիմա իմ ամուսինն ինձ կսիրի»։ 33Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ»։ Եվ նրա անունը Շմավոն#29.33 Լսել։ դրեց։ 34Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրա անունը Ղևի#29.34 Միավորություն։ դրեց։ 35Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա#29.35 Գոհություն։ դրեց։ Եվ դադարեց ծնելուց։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 29: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in