YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 22

22
Աստված փորձում է Աբրահամին
1Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ»։ Նա ասաց. «Ահա՛ ես»։ 2Աստված ասաց. «Վերցրո՛ւ քո սիրած միակ որդուն՝ Իսահակին, գնա՛ Մորիայի երկիրը և ողջակե՛զ արա նրան այն սարերից մեկի վրա, որ քեզ կասեմ»։ 3Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, իր էշի համետը դրեց և իր հետ վերցրեց երկու ծառաներին և իր որդի Իսահակին։ Ողջակեզի փայտ կտրեց և ելավ գնաց այն տեղը, որ Աստված ասել էր նրան։ 4Երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը։ 5Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք էշի հետ այստե՛ղ մնացեք, ես և տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»։ 6Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտն ու դրեց իր որդի Իսահակի վրա. իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով միասին գնացին։ 7Իսահակը խոսեց իր հոր՝ Աբրահամի հետ և ասաց. «Հա՛յր իմ»։ Եվ նա ասաց. «Այո, որդի՛ս»։ Իսահակն ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի գառը»։ 8Աբրահամն ասաց. «Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյա՛կս»։ Եվ երկուսով միասին գնացին 9և եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտերը շարեց, կապեց իր որդի Իսահակին և դրեց նրան զոհասեղանի վրա՝ փայտերի վրայից։ 10Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ մորթի իր որդուն։ 11Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Նա պատասխանեց. «Ահա՛ ես»։ 12Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր տղային, ոչ մի բան մի՛ արա նրան, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր ինձանից»։ 13Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, որ իր ետևի մացառուտի մեջ մի խոյ կա՝ եղջյուրներից բռնված։ Աբրահամը գնաց, վերցրեց խոյը և ողջակեզ մատուցեց այն իր որդու փոխարեն։ 14Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե#22.14 Տերը կհոգա։. և այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում»։ 15Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին 16և ասաց. «Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու այդ բանն արեցիր և չխնայեցիր քո միակ որդուն, 17քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները, 18և երկրի բոլոր ազգերը քո սերնդով կօրհնվեն. նրա համար, որ հնազանդվեցիր իմ ձայնին»։ 19Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և վեր կացան ու միասին գնացին Բերսաբեե։ Աբրահամը բնակվում էր Բերսաբեեում։
Նաքորի սերունդը
20Այս դեպքերից հետո Աբրահամին հայտնեցին՝ ասելով. «Ահա Մեղքան ևս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝ 21իր անդրանիկին՝ Հուսին, նրա եղբայր Բուզին, Արամի հայր Կամուելին, 22Քազադին, Ասավին, Փաղդասին, Հետլափին և Բաթուելին»։ 23Բաթուելը ծնեց Ռեբեկային։ Այս ութին ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար։ 24Նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 22: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in