YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 23

23
Սառան մահանում է, Աբրահամը գերեզման է գնում
1Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի. այսքան են Սառայի կյանքի տարիները։ 2Սառան մեռավ Կարիաթարբայում, որ Քեբրոնն է՝ Քանանի երկրում։ Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։ 3Աբրահամը վեր կացավ իր մեռելի մոտից և Քետի որդիների հետ խոսեց՝ ասելով. 4«Ես օտարական և պանդուխտ եմ ձեր մեջ. ինձ գերեզմանի տե՛ղ տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ մեռելին#23.4 Եբր. որ թաղեմ իմ մեռելին իմ երեսի առաջից։»։ 5Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին և ասացին նրան. 6«Տե՛ր իմ, լսի՛ր մեզ, դու մեր մեջ Աստծու մի իշխան ես. թաղի՛ր քո մեռելին մեր ամենաընտիր գերեզմաններից մեկում. մեզանից ոչ ոք քեզանից չի խնայի իր գերեզմանը քո մեռելին թաղելու համար»։ 7Աբրահամը վեր կացավ և խոնարհվեց այդ ժողովրդին՝ Քետի որդիներին։ 8Եվ խոսեց նրանց հետ՝ ասելով. «Եթե ձեր մտքում կա, որ ես թաղեմ իմ մեռելին, լսե՛ք ինձ և Սահառի որդի Եփրոնի հետ խոսե՛ք ինձ համար, 9որ ինձ տա Մաքփելայի#23.9 Կրկնություն։ քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։ 10Եփրոնը նստել էր Քետի որդիների հետ։ Քետացի Եփրոնը պատասխանեց Աբրահամին Քետի որդիների և բոլոր նրանց առջև, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, և ասաց. 11«Ո՛չ, տե՛ր իմ, ի՛նձ լսիր. քեզ եմ տալիս արտը և այրն էլ, որ գտնվում է նրա մեջ. իմ ժողովրդի որդիների աչքի առջև քեզ եմ տալիս այն. թաղի՛ր քո մեռելին»։ 12Եվ Աբրահամը խոնարհվեց այդ երկրի ժողովրդի առջև։ 13Նա Եփրոնի հետ խոսեց այդ երկրի ժողովրդի առջև և ասաց. «Ո՜հ, լսի՛ր ինձ. արտի փողը տալիս եմ. վերցրո՛ւ ինձանից, որ ես իմ մեռելին թաղեմ այնտեղ»։ 14Եփրոնն ասաց Աբրահամին. 15«Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթ արժե. դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։ 16Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։ 17Եվ Մաքփելայում գտնվող Եփրոնի արտը, որ Մամբրեի դիմացն է, արտը և նրա մեջ գտնվող քարայրը, ինչպես նաև արտի մեջ և նրա շրջակայքում եղած բոլոր ծառերը հաստատվեցին 18որպես Աբրահամի սեփականություն Քետի որդիների և բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով։ 19Դրանից հետո Աբրահամն իր կին Սառային թաղեց Մամբրեի դիմացի Մաքփելայի արտի քարայրում, որ Քեբրոնում է՝ Քանանի երկրում։ 20Արտը և նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից տրվեցին Աբրահամին, որ գերեզմանի տեղ լինի։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 23: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in