YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 21

21
Իսահակի ծնունդը
1Տերը շնորհ արեց Սառային, ինչպես ասել էր. Տերը կատարեց Սառայի համար, ինչպես խոստացել էր։ 2Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։ 3Աբրահամն իր համար ծնված որդու անունը, որին Սառան ծնել էր նրա համար, Իսահակ#21.3 Ծիծաղ։ դրեց։ 4Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ ութ օրական եղավ, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն։ 5Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը։ 6Սառան ասաց. «Աստված ծիծաղեցրեց ինձ. ով որ լսի, կծիծաղի»։ 7Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխաներ կսնուցի, որովհետև նրա ծերության հասակում որդի ծնեցի նրա համար»։ 8Տղան մեծացավ և կաթից կտրվեց։ Իսահակի՝ կաթից կտրվելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց։
Հագարը և Իսմայելը հեռացվում են
9Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, որին ծնել էր Աբրահամի համար, ծաղրող էր։ 10Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։ 11Այս բանը Աբրահամին շատ դժվար թվաց իր որդու պատճառով։ 12Աստված ասաց Աբրահամին. «Թող աչքիդ դժվար չերևա. ամենը, ինչ որ Սառան ասել է քեզ քո տղայի և աղախնի համար, լսի՛ր նրա խոսքը, որովհետև Իսահակով է քեզ սերունդ կոչվելու։ 13Աղախնի որդուց էլ ես մի ազգ կանեմ, որովհետև քո սերունդն է նա»։ 14Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։ 15Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ 16և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ 17Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ 18Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։ 19Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։ 20Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ 21Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։
Աբրահամի և Աբիմելեքի համաձայնությունը
22Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։ 23Հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, թե նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քո նկատմամբ իմ արած երախտիքի համեմատ կանես ինձ և այս երկրին, որտեղ դու բնակվում ես»։ 24Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ 25Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։ 26Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ո՛վ է արել այդ բանը. դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ մինչև այսօր չէի լսել»։ 27Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։ 28Աբրահամը ոչխարներից առանձնացրեց յոթ հատ էգ գառներ։ 29Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ինչի՞ համար են այս յոթ գառները, որ դու առանձնացրիր»։ 30Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։ 31Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե#21.31 Երդման ջրհոր, նաև՝ յոթի ջրհոր։, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։ 32Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։
33 Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։ 34Աբրահամը երկար ժամանակ պանդխտություն արեց փղշտացիների երկրում։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 21: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in