YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 12

12
Աստված կանչում է Աբրամին
1Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ 2Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ 3Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։ 4Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։ 5Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ 6Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ 7Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։ 8Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում#12.8 Եբր. ծովի կողմից։ էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։ 9Աբրամը, մեկնելով այդտեղից, գնաց դեպի Նեգև#12.9 Այսինքն՝ հարավ։։
Աբրամը Եգիպտոսում
10Այն երկրում սով եղավ, և Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ որպես պանդուխտ ապրելու համար, քանի որ սովը սաստիկ էր այդ երկրում։ 11Երբ նա Եգիպտոս մտնելու մոտ էր, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Ահա գիտեմ, որ դու գեղեցիկ տեսքով մի կին ես։ 12Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, անպատճառ կասեն՝ “Սա նրա կինն է”, և ինձ կսպանեն, իսկ քեզ ողջ կթողնեն։ 13Ասա՛, թե դու իմ քույրն ես, որպեսզի քո շնորհիվ ինձ համար լավ լինի, և քո շնորհիվ ես ողջ մնամ»։ 14Երբ Աբրամը մտավ Եգիպտոս, եգիպտացիները տեսան, որ այդ կինը շատ գեղեցիկ է։ 15Փարավոնի իշխաններն էլ տեսան նրան և գովեցին նրան փարավոնի առաջ. և կինը տարվեց փարավոնի պալատը։ 16Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։ 17Տերը մեծ հարվածներով պատժեց փարավոնին և նրա տանը՝ Աբրամի կնոջ՝ Սարայի պատճառով։ 18Փարավոնը կանչեց Աբրամին և ասաց. «Այս ի՞նչ արեցիր ինձ. ինչո՞ւ ինձ չասացիր, թե նա քո կինն է։ 19Ինչո՞ւ ասացիր, թե՝ “Իմ քույրն է”, և ես էլ նրան առա, որ ինձ կին լինի։ Իսկ հիմա, ահա քո կինը, ա՛ռ ու գնա՛»։ 20Եվ փարավոնը իր մարդկանց պատվիրեց նրա համար, և նրանք ճանապարհ դրին Աբրամին ու նրա կնոջը նրա ամբողջ ստացվածքով։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 12: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in