ԾՆՆԴՈՑ 11
11
Բաբելոնի աշտարակը
1Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։ 2Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ 3Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։ 4Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։ 5Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ 6Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ 7Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։ 8Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։ 9Դրա համար այն Բաբելոն#11.9 Եբր. Բաբել նշանակում է խառնակություն։ կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։
Սեմի սերունդը
(Ա Մն. 1.24-27)
10Սեմի սերունդները սրանք են. Սեմը հարյուր տարեկան էր, երբ ծնեց Արփաքսադին՝ ջրհեղեղից երկու տարի հետո։ 11Արփաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 12Արփաքսադը երեսունհինգ տարի ապրեց և ծնեց Սաղային։ 13Սաղայի ծնվելուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 14Սաղան երեսուն տարի ապրեց և ծնեց Եբերին։ 15Եբերի ծնվելուց հետո Սաղան ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 16Եբերը երեսունչորս տարի ապրեց և ծնեց Փաղեկին։ 17Փաղեկի ծնվելուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 18Փաղեկը երեսուն տարի ապրեց և ծնեց Ռագավին։ 19Ռագավի ծնվելուց հետո Փաղեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 20Ռագավը երեսուներկու տարի ապրեց և ծնեց Սերուգին։ 21Սերուգի ծնվելուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 22Սերուգը երեսուն տարի ապրեց և ծնեց Նաքորին։ 23Նաքորի ծնվելուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 24Նաքորը քսանինը տարի ապրեց և ծնեց Թարային։ 25Թարայի ծնվելուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 26Թարան յոթանասուն տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։
27Սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին. Առանը ծնեց Ղովտին։ 28Առանը մեռավ իր հոր՝ Թարայի կենդանության ժամանակ իր ծննդավայրում՝ քաղդեացիների Ուր քաղաքում։ 29Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. սա Մեղքայի և Հեսքայի հայրն էր։ 30Սարան ամուլ էր և զավակ չուներ։ 31Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը՝ Առանի որդի Ղովտին, և իր հարսին՝ Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից՝ Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։ 32Թարայի օրերը երկու հարյուր հինգ տարի եղան. Թարան մեռավ Խառանում։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 11: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018