ԵԶԵԿԻԵԼ 44
44
Արևելյան դարպասի գործածությունը
1Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։ 2Տերն ինձ ասաց. «Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, նրանով ոչ ոք չպիտի մտնի, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով. ուրեմն փակված պիտի մնա։ 3Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար. նա դարպասի նախասրահի ճանապարհով պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գա»։
Տաճար մտնելու կանոնները
4Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։ 5Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադրությո՛ւն դարձրու, աչքերովդ տե՛ս և ականջներովդ լսի՛ր ամեն ինչ, որ ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների մասին և նրա բոլոր օրենքների մասին, և ո՛ւշ դարձրու տաճարի մուտքին, սրբարանի բոլոր ելքերին։ 6Եվ ապստամբներին՝ Իսրայելի տանը, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ձեզ համար բավական են ձեր բոլոր պիղծ բաները, ո՛վ Իսրայելի տուն. 7որ ներս եք բերում օտարների որդիներին՝ սրտով անթլփատներին, մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանում լինեն, որ իմ տունը պղծեն, երբ մատուցում եք իմ հացը՝ ճարպը և արյունը, և դրժեցիք իմ ուխտը, ձեր բոլոր պիղծ բաներից բացի։ 8Եվ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանությունը, այլ իմ սրբարանում իմ պահպանության համար ձեզ օտար պահպանողներ կարգեցիք"”»։
Ղևտացիները հեռացվում են քահանայությունից
9Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։ 10Այլև ղևտացիները, որոնք ինձնից հեռացան, երբ Իսրայելը մոլորվեց, մոլորվեցին ինձնից և իրենց կուռքերին հետևեցին, պիտի կրեն իրենց անօրենությունների պատիժը։ 11Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։ 12Որովհետև նրանց ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար անօրենության գայթակղություն եղան, ուստի երդվեցի նրանց վերաբերյալ,- ասում է Տեր Աստված,- որ կկրեն իրենց անօրենությունների պատիժը։ 13Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։ 14Սակայն նրանց տաճարի պահպանությունը կատարողներ պիտի կարգեմ նրա ամբողջ ծառայության համար և այն ամեն բանի համար, որ նրա մեջ պիտի կատարվի։
Քահանաները
15Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։- 16Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։ 17Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։ 18Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն։ 19Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն#44.19 Սուրբը և անսուրբը տարանջատ պահելու համար՝ նկատելով, որ «սրբությունը» կարող էր փոխանցվել հպումով և ուղղակի շփումներով։ իրենց հանդերձներով։ 20Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։ 21Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։ 22Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։ 23Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն սուրբի և անսուրբի տարբերությունը և անմաքուրի ու մաքուրի տարբերությունը հասկացնեն նրանց։ 24Եվ դատավարությունների մեջ դատավոր#44.24 Բռց. դատելու պիտի կանգնեն։ պիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։ 25Եվ մեռած մարդու մոտիկ չպիտի գնան, որպեսզի անմաքուր չլինեն, այլ միայն իր հոր և մոր, որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ մոտիկ գնան. կարող են անմաքուր լինել։ 26Եվ յուրաքանչյուրն իր մաքրվելուց հետո յոթ օր թող հաշվի իր համար։ 27Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։
28«Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։ 29Հացի ընծան, մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը նրանք պիտի ուտեն, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը նրանցը պիտի լինի։ 30Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։ 31Քահանաները ոչ մի սատկած կամ բզկտված թռչուն թե անասուն չպիտի ուտեն»։
Currently Selected:
ԵԶԵԿԻԵԼ 44: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018