YouVersion Logo
Search Icon

ԵԶԵԿԻԵԼ 43

43
Տերը վերադառնում է տաճար
1Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։ 2Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։ 3Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։
4Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։ 5Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ 6Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։ 7Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում. 8իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։ 9Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։
10Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։ 11Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։
Զոհասեղանը
12Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։
13Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։ 14Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։ 15Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։ 16Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։ 17Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։
Զոհասեղանի նվիրագործումը
18Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։
19Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։ 20Պիտի վերցնես նրա արյունից և քսես զոհասեղանի չորս եղջյուրներին ու շրջանակի չորս անկյուններին և չորս կողմից՝ եզրին. կմաքրես ու քավություն կկատարես նրա համար։ 21Եվ կվերցնես մեղքի պատարագի ցլիկը և այն կայրես տաճարի որոշված տեղում՝ սրբարանից դուրս։ 22Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։ 23Երբ մաքրելը վերջացնես, մի անարատ ցլիկ կմատուցես արջառներից և մի անարատ խոյ՝ ոչխարներից։ 24Եվ նրանց կմատուցես Տիրոջ առջև, և քահանաները նրանց վրա աղ կցանեն և նրանց ողջակեզ կմատուցեն Տիրոջը։ 25Յոթ օր կմատուցես՝ օրը մեկ նոխազ մեղքի պատարագի համար, արջառներից՝ մի ցլիկ և ոչխարներից՝ մի խոյ. անարատներից պիտի մատուցվեն։ 26Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։ 27Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ”»,- ասում է Տեր Աստված։

Currently Selected:

ԵԶԵԿԻԵԼ 43: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in