Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13
13
Ամնոն և Թամար
1Դրանից հետո եղավ. Դավթի որդի Աբիսողոմը մի գեղեցիկ քույր ուներ՝ անունը Թամար. Դավթի որդի Ամնոնը սիրեց նրան։ 2Եվ Ամնոնը այնպես էր նեղվում, որ հիվանդացավ իր քույր Թամարի պատճառով, որովհետև նա կույս էր, և Ամնոնին դժվար էր թվում նրա հետ մի բան անել։ 3Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։ 4Եվ նրան ասաց. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր մաշվում, ո՛վ թագավորի որդի, մի՞թե ինձ չես ասելու»։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Ես սիրում եմ իմ եղբայր Աբիսողոմի քույր Թամարին»։ 5Հովնադաբն ասաց նրան. «Պառկի՛ր քո անկողնում և քեզ հիվա՛նդ ձևացրու, և երբ հայրդ գա քեզ տեսնելու, դու նրան ասա՛. “Թող իմ քույր Թամարը գա և ինձ հաց ուտեցնի. իմ աչքի առաջ կերակուր պատրաստի, որպեսզի տեսնեմ և ուտեմ նրա ձեռքից”»։ 6Ամնոնը պառկեց ու իրեն հիվանդ ձևացրեց, և թագավորը եկավ նրան տեսնելու։ Եվ Ամնոնն ասաց թագավորին. «Թող իմ քույր Թամարը գա, իմ աչքի առաջ երկու բլիթ շինի, որ ես ուտեմ նրա ձեռքից»։ 7Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարին ասելու. «Գնա՛ քո եղբայր Ամնոնի տուն և նրա համար կերակո՛ւր պատրաստիր»։ 8Թամարը գնաց իր եղբայր Ամնոնի տուն, որտեղ պառկած էր. խմորը վերցրեց, գրտնակեց և բլիթներ շինեց նրա աչքի առաջ ու թխեց բլիթները։ 9Եվ վերցրեց տապակն ու բլիթները դրեց նրա առաջ, բայց նա չուզեց ուտել. և Ամնոնն ասաց. «Բոլոր մարդկանց դո՛ւրս հանեք իմ մոտից». և բոլոր մարդիկ դուրս եկան նրա մոտից։ 10Եվ Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը բե՛ր սենյակ, որ քո ձեռքից ուտեմ»։ Եվ Թամարը վերցրեց իր պատրաստած բլիթներն ու տարավ սենյակ՝ իր եղբայր Ամնոնի մոտ։ 11Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։ 12Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։ 13Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։ 14Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։ 15Հետո Ամնոնը շատ մեծ ատելությամբ ատեց նրան, այնպես, որ իր ատելությունը, որով ատում էր նրան, ավելի մեծ էր այն սիրուց, որով առաջ սիրում էր նրան։ Եվ Ամնոնն ասաց նրան. «Վեր կաց գնա՛»։ 16Եվ Թամարն ասաց նրան. «Ինձ դուրս անելով՝ մի՛ դարձիր ավելի մեծ չարիքի պատճառ, քան այն, որ արեցիր ինձ հետ»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրան։ 17Նա կանչեց իր սպասավոր երիտասարդին և ասաց. «Դո՛ւրս արա սրան իմ մոտից և դուռը կողպի՛ր նրա ետևից»։ 18Թամարի վրա գունագեղ պատմուճան կար, որովհետև թագավորի կույս աղջիկները այդպիսի պատմուճաններ էին հագնում։ Եվ Ամնոնի սպասավորը նրան դուրս արեց ու դուռը կողպեց ետևից։ 19Թամարը մոխիր վերցրեց, ցանեց իր գլխին, պատառոտեց իր վրայի գունագեղ պատմուճանը և իր ձեռքերն իր գլխին դրած՝ գնում էր ու լաց լինում։ 20Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. «Մի՞թե Ամնոնը՝ քո եղբայրը, եղավ քեզ հետ։ Քո՛ւյր իմ, լո՛ւռ մնա, նա քո եղբայրն է, և այս բանն էլ հոգս մի՛ դարձրու սրտիդ համար»։ Եվ Թամարը անմխիթար բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը։ 21Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։ 22Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ՝ ո՛չ վատ և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին այն բանի համար, որ նա բռնաբարել էր իր քույր Թամարին։
Աբիսողոմի վրեժը
23Երկու տարի անցնելուց հետո, երբ Եփրեմի երկրին մոտիկ Բաաղհասորում Աբիսողոմի ոչխարի խուզն էր, Աբիսողոմը հրավիրեց թագավորի բոլոր որդիներին։ 24Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. «Ահա խուզում են քո ծառայի ոչխարները. խնդրում եմ, որ թագավորը և իր ծառաները գնան ծառայիդ հետ»։ 25Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս, թող բոլորս չգնանք ու բեռ չդառնանք քեզ վրա»։ Աբիսողոմը ստիպեց նրան, բայց թագավորը չուզեց գնալ և օրհնեց նրան։ 26Եվ Աբիսողոմն ասաց. «Այդ դեպքում գոնե թող իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ»։ Եվ թագավորն ասաց նրան. «Ինչի՞ համար նա գա քեզ հետ»։ 27Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթը նրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։ 28Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։ 29Եվ Աբիսողոմի երիտասարդները Ամնոնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբիսողոմը. և թագավորի որդիները վեր կացան, ամեն մեկը հեծնեց իր ջորին և փախավ։ 30Նրանք դեռ ճանապարհին էին, լուրը հասավ Դավթին. ասացին, թե Աբիսողոմը կոտորել է թագավորի բոլոր որդիներին, և նրանցից ոչ մեկն էլ չի մնացել։ 31Եվ թագավորը վեր կացավ, պատառոտեց իր հանդերձներն ու գետնին պառկեց։ Եվ նրա բոլոր ծառաները կանգնել էին շուրջը՝ հանդերձները պատառոտած։ 32Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։ 33Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։ 34Աբիսողոմը փախավ։ Եվ երբ դետ երիտասարդը բարձրացրեց աչքերը և նայեց, տեսավ, որ շատ ժողովուրդ է գալիս ետևի ճանապարհով՝ սարի մոտով։ 35Եվ Հովնադաբն ասաց թագավորին. «Ահա եկան թագավորի որդիները. ինչպես քո ծառայի խոսքն էր, այդպես էլ եղավ»։ 36Եվ հենց որ նա վերջացրեց խոսքը, ահա եկան թագավորի որդիները. բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Եվ թագավորն էլ և իր բոլոր ծառաները մեծ դառնությամբ լաց եղան։
37Աբիսողոմը փախավ և գնաց Գեսուրի թագավոր Ամիհուդի որդի Թոլմիի մոտ։ Եվ Դավիթն ամեն օր սուգ էր անում իր որդու համար։ 38Իսկ Աբիսողոմը փախավ գնաց Գեսուր և երեք տարի մնաց այնտեղ։ 39Դավիթ թագավորը փափագում էր գնալ Աբիսողոմի մոտ, որովհետև մխիթարվել էր մեռած Ամնոնի համար։
Currently Selected:
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018