Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12
12
Նաթանի պատգամը և Դավթի զղջումը
1Եվ Տերը Նաթանին ուղարկեց Դավթի մոտ, և նա եկավ նրա մոտ ու ասաց նրան. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, իսկ մյուսը՝ աղքատ։ 2Հարուստը չափազանց շատ հոտեր ու արջառներ ուներ։ 3Իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ Գառնուկը մեծացավ նրա հետ և նրա որդիների հետ միասին. ուտում էր նրա պատառից և նրա բաժակից խմում, քնում էր նրա ծոցում և նրա համար աղջկա պես էր։ 4Եվ այդ հարուստի մոտ մի անցորդ եկավ, բայց նա չուզեց իր հոտերից ու արջառներից վերցնել, որ կերակուր պատրաստեր իր մոտ եկած ճանապարհորդի համար, այլ վերցրեց այն աղքատ մարդու գառը և կերակուր պատրաստեց իր մոտ եկած մարդու համար»։
5Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Կենդանի է Տերը, որ այդ բանն անող մարդը արժանի է մահվան։ 6Եվ այդ գառան համար պետք է քառապատիկ հատուցի, որովհետև նա արեց այդ բանը, քանի որ գութ չունեցավ»։ 7Այն ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Այն մարդը դու ես։ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Իսրայելի վրա և ես քեզ ազատեցի Սավուղի ձեռքից. 8քեզ տվեցի քո տիրոջ տունը և քո ծոցը դրեցի քո տիրոջ կանանց և քեզ տվեցի Իսրայելի և Հուդայի տունը, և եթե այս բոլորը քիչ էին, այն ժամանակ կրկնակին կավելացնեի։ 9Ինչո՞ւ անարգեցիր Տիրոջ խոսքը և չարիք գործեցիր նրա աչքի առաջ. սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ համար կին առար, իսկ նրան սպանեցիր Ամմոնի որդիների սրով։ 10Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։ 11Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։ 12Թեև դու ծածուկ արեցիր, բայց ես այս բանը պիտի անեմ ամբողջ Իսրայելի առաջ և արեգակի առաջ”»։ 13Եվ Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը. դու չես մեռնի, 14բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։
Դավթի որդու մահը
15Եվ Նաթանը գնաց իր տուն։ Եվ Տերը հարվածեց այն մանկանը, որ Ուրիայի կինը ծնեց Դավթի համար, ու նա հիվանդացավ։ 16Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։ 17Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։ 18Յոթերորդ օրը երեխան մեռավ, իսկ Դավթի ծառաները վախենում էին նրան ասել, թե երեխան մեռել է, որովհետև ասում էին. «Քանի դեռ երեխան կենդանի էր, մենք խոսեցինք նրա հետ, բայց նա մեր խոսքը չլսեց. հապա ինչպե՞ս նրան ասենք. “Երեխան մեռել է”, որ մի վատ բան չանի»։ 19Եվ Դավիթը տեսավ, որ իր ծառաները շշուկով խոսում են իրար հետ, և Դավիթը հասկացավ, որ երեխան մեռել է. և Դավիթն ասաց իր ծառաներին. «Արդյոք երեխան մեռե՞լ է»։ Եվ նրանք ասացին. «Մեռել է»։ 20Եվ Դավիթը վեր կացավ գետնից, լվացվեց և օծվեց, փոխեց իր հագուստները և գնաց Տիրոջ տուն ու երկրպագեց, հետո գնաց իր տուն և ուզեց ուտել. նրա առաջ հաց դրեցին, և նա կերավ։ 21Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Այս ի՞նչ բան արեցիր. քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էիր պահում և լաց լինում, բայց երբ որ երեխան մեռավ, վեր կացար և հաց կերար»։ 22Եվ նա ասաց. «Քանի դեռ երեխան կենդանի էր, ծոմ էի պահում և լաց էի լինում, որովհետև մտածում էի. “Ո՜վ գիտի, գուցե Տերը գթա ինձ, և մանուկը ապրի”։ 23Բայց հիմա, երբ երեխան մեռել է, էլ ես ինչո՞ւ ծոմ պահեմ. կարո՞ղ եմ նրան կրկին ետ դարձնել. ես ինքս եմ գնալու նրա մոտ, իսկ նա ետ չի դառնալու ինձ մոտ»։
Սողոմոնի ծնունդը
24Դավիթը մխիթարեց Բերսաբեին՝ իր կնոջը, և մտավ նրա մոտ ու պառկեց նրա հետ, և կինը մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սողոմոն. և Տերը սիրեց նրան։ 25Եվ Նաթան մարգարեի միջոցով պատգամ ուղարկեց, և նրա անունը Հեդիդեա դրեց՝ հանուն Տիրոջ։
Դավիթը գրավում է Ռաբբան
(Ա Մն. 20.1-3)
26Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։ 27Եվ Հովաբը պատվիրակներ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ռաբբայի դեմ պատերազմեցի, ջրերի քաղաքը վերցրի։ 28Հիմա հավաքի՛ր մնացած զորքին, եկ բանա՛կ դիր քաղաքի դեմ և վերցրո՛ւ այն, որպեսզի ես չվերցնեմ քաղաքը, և իմ անունը չհիշվի նրա վրա»։ 29Ուստի Դավիթը հավաքեց ամբողջ ժողովրդին և գնաց Ռաբբա, պատերազմեց նրա դեմ և վերցրեց այն։ 30Եվ նրանց թագավորի գլխից վերցրեց նրա թագը, որի կշիռը մի տաղանդ ոսկի էր, և թանկարժեք քարերով էր զարդարված, և Դավթի գլխին դրվեց. և խիստ շատ ավար բերեց այդ քաղաքից։ 31Նա դուրս հանեց այնտեղ եղած ժողովրդին և սղոցի, երկաթե կամնասայլերի ու երկաթե տապարների գործին դրեց և նրանց աղյուսի հնոցում աշխատեցրեց։ Այսպես արեց Ամմոնի որդիների բոլոր քաղաքների հետ։ Եվ Դավիթն ու ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։
Currently Selected:
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018