Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14
14
Աբիսողոմի վերադարձը Երուսաղեմ
1Շարուհեայի որդի Հովաբն իմացավ, որ թագավորի սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը։ 2Հովաբը մարդ ուղարկեց Թեկուե և այնտեղից մի խելացի կին վերցրեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, քեզ սգավո՛ր ձևացրու և սգո զգե՛ստ հագիր, յուղով մի՛ օծվիր և դարձի՛ր մի այնպիսի կին, որ շատ օրերից ի վեր սգավոր է իր մեռելի համար։ 3Գնա՛ թագավորի մոտ և նրա հետ այսպե՛ս խոսիր». և Հովաբը նրա բերանը խոսքեր դրեց։ 4Թեկուացի կինը եկավ թագավորի մոտ, երեսնիվայր ընկավ գետին, երկրպագեց և ասաց. «Օգնի՛ր, թագավո՛ր»։ 5Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել քեզ»։ Կինն ասաց. «Ես որբևայրի կին եմ, ամուսինս մեռել է։ 6Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։ 7Ահա ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դեմ, և ասում են. “Տո՛ւր իր եղբորը սպանողին, որ մենք սպանենք նրան իր եղբոր անձի փոխարեն, որին նա սպանեց, և ժառանգին էլ վերացնենք”։ Նրանք ուզում են իմ այն կայծն էլ հանգցնել, որ մնացել է ինձ համար, չթողնելով իմ մարդու համար ո՛չ անուն և ո՛չ էլ հետնորդ երկրի երեսին»։ 8Թագավորն ասաց կնոջը. «Գնա՛ քո տուն, ես կպատվիրեմ քո մասին»։ 9Թեկուացի կինն ասաց թագավորին. «Ինձ վրա թող լինի հանցանքը, ո՜վ տեր թագավոր, իմ և իմ հոր տան վրա լինի, և անպարտ լինեն թագավորն ու նրա աթոռը»։ 10Թագավորն ասաց. «Եթե քեզ բան ասող լինի, նրան բե՛ր ինձ մոտ, և այլևս քեզ չի դիպչի»։ 11Կինն ասաց. «Աղաչում եմ, թող թագավորը հիշի իր Տեր Աստծուն, որ ապականելու համար չշատանան արյան վրեժխնդիրները և չսպանեն իմ որդուն»։ Եվ թագավորն ասաց. «Կենդանի է Տերը, որ քո որդու գլխից մի մազ էլ գետին չի ընկնի»։ 12Այն ժամանակ կինն ասաց. «Թող քո աղախինը մի խոսք էլ խոսի իր տեր թագավորի հետ»։ Եվ նա ասաց. «Խոսի՛ր»։ 13Եվ կինն ասաց. «Հապա ինչո՞ւ ես այդպիսի բան ծրագրում Աստծու ժողովրդի դեմ. և այս բանը խոսելով՝ թագավորն իրեն հանցավոր է դարձնում, քանի որ չի վերադարձնում իր աքսորածին։ 14Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։ 15Եվ հիմա եկա այս խոսքը իմ տեր թագավորի հետ խոսելու, որովհետև ժողովուրդը վախեցնում է ինձ, և քո աղախինը մտածեց. “Կխոսեմ թագավորի հետ, գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը”։ 16Քանզի թագավորը պիտի լսի և իր աղախնին ազատի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն ոչնչացնել Աստծու ժառանգությունից։ 17Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։ 18Թագավորը պատասխանեց և ասաց այդ կնոջը. «Ինձնից ոչ մի բան մի՛ թաքցրու, ինչ հարցնեմ քեզ»։ Եվ կինն ասաց. «Թող իմ տեր թագավորը հարցնի»։ 19Եվ թագավորն ասաց. «Արդյոք այս բոլոր բաների մեջ խառը չէ՞ Հովաբի ձեռքը»։ Եվ կինը պատասխանեց ու ասաց. «Կենդանի է քո անձը, տե՛ր իմ թագավոր, որ ոչ ոք չի խոտորվի աջ կամ ձախ այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը, որովհետև քո ծառա Հովաբն է ինձ պատվիրել, և նա է այս բոլոր խոսքերը դրել քո աղախնի բերանը։ 20Քո ծառա Հովաբն այս բանն արել է գործի ընթացքը փոխելու նպատակով։ Սակայն իմ տերը իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստնության նման, և նա իմանում է ամեն բան, ինչ կա երկրի վրա»։
21Ապա թագավորն ասաց Հովաբին. «Ահա այս բանն արեցի. գնա՛ և ե՛տ բեր Աբիսողոմ պատանուն»։ 22Եվ Հովաբը երեսի վրա ընկավ գետին, երկրպագեց և օրհնեց թագավորին. և Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ եմ գտել քո աչքի առաջ, տե՛ր իմ արքա, քանի որ թագավորը կատարեց իր ծառայի խոսքը»։ 23Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Գեսուր և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ։ 24Եվ թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն և իմ երեսը չտեսնի»։ Եվ Աբիսողոմը վերադարձավ իր տուն և թագավորի երեսը չտեսավ։
Աբիսողոմը հաշտվում է թագավորի հետ
25Ամբողջ Իսրայելում Աբիսողոմի պես գեղեցիկ մարդ չկար. նրան շատ էին գովում. ոտքի թաթից մինչև գլխի գագաթը նա ոչ մի արատ չուներ։ 26Երբ նա ածիլում էր իր մազերը (նա ամեն տարվա վերջին ածիլում էր մազերը, որովհետև ծանր էին լինում նրա համար), նրա գլխից կտրած մազերի ծանրությունը լինում էր երկու հարյուր սիկղ՝ թագավորական կշեռքով կշռած։ 27Եվ Աբիսողոմին ծնվեցին երեք որդի և մեկ աղջիկ՝ անունը Թամար, որը տեսքով գեղեցիկ կին էր։
28Եվ Աբիսողոմը երկու տարի մնաց Երուսաղեմում, բայց թագավորի երեսը չտեսավ։ 29Հետո Աբիսողոմը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ նրան ուղարկի թագավորի մոտ, բայց Հովաբը չուզեց գնալ նրա մոտ։ Նա երկրորդ անգամ էլ ուղարկեց, բայց նա չուզեց գնալ։ 30Նա ասաց իր ծառաներին. «Տեսե՛ք, Հովաբի արտը իմ արտի մոտ է, նա այնտեղ գարի ունի. գնացե՛ք և կրակի՛ տվեք այն»։ Եվ Աբիսողոմի ծառաները արտը կրակի տվեցին։ 31Եվ Հովաբը վեր կացավ, գնաց Աբիսողոմի տուն և ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները իմ արտը կրակի տվել»։ 32Եվ Աբիսողոմը պատասխանեց Հովաբին. «Ահա քեզ մոտ մարդ ուղարկեցի և ասացի. “Ե՛կ այստեղ”, որ քեզ ուղարկեմ թագավորի մոտ, որ նրան ասես. “Ես ինչո՞ւ եկա Գեսուրից, որ ինձ համար ավելի լավ կլիներ, որ դեռ այնտեղ լինեի. հիմա ես ուզում եմ տեսնել թագավորի երեսը, և եթե ես հանցանք ունեմ, թող այն ժամանակ ինձ սպանի”»։ 33Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։
Currently Selected:
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018