YouVersion Logo
Search Icon

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

15
Աբիսողոմը ապստամբություն է ծրագրում
1Դրանից հետո Աբիսողոմն իր համար կառքեր ու ձիեր և իր առջևից վազող հիսուն սուրհանդակներ պատրաստեց։ 2Աբիսողոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհին, և երբ դատ ունեցող ամեն մարդ գալիս էր, որ գնա թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ և ասում. «Դու ո՞ր քաղաքից ես», և նա ասում էր. «Քո ծառան Իսրայելի ցեղերից մեկից է», 3Աբիսողոմը նրան ասում էր. «Տե՛ս, քո պահանջները բարի և արդար են, բայց թագավորի կողմից նշանակված մեկը չկա, որ քեզ լսի»։ 4Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում, և ով վեճ ու դատ ունենար, գար ինձ մոտ, և ես նրա իրավունքը կպաշտպանեի»։ 5Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։ 6Եվ Աբիսողոմն այսպես էր անում իսրայելացի ամեն մեկի հետ, ով դատվելու համար գալիս էր թագավորի մոտ. և Աբիսողոմը Իսրայելի մարդկանց սրտերը շահեց։
7Քառասուն տարի անցնելուց հետո Աբիսողոմն ասաց թագավորին. «Թող գնամ Քեբրոնում կատարեմ իմ ուխտը, որ խոստացել եմ Տիրոջը, 8քանզի ես՝ քո ծառան, երբ բնակվում էի ասորիների Գեսուրում, ուխտ եմ արել՝ ասելով. “Եթե Տերն ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայելու եմ Տիրոջը”»։ 9Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Քեբրոն։ 10Բայց Աբիսողոմը լրտեսներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ՝ ասելով. «Երբ փողի ձայն լսեք, ասացե՛ք. “Աբիսողոմը թագավոր դարձավ Քեբրոնում”»։ 11Եվ Աբիսողոմի հետ Երուսաղեմից հրավիրված երկու հարյուր մարդ էր գնացել. նրանք գնացել էին միամտությամբ և ոչինչ չգիտեին։ 12Աբիսողոմը զոհերը մատուցելիս մարդ ուղարկեց Դավթի խորհրդական գեղոնացի Աքիտոփելի մոտ և նրան բերել տվեց Գեղոն քաղաքից։ Դավաճանությունը հզորանում էր, և ժողովուրդը գնալով շատանում էր Աբիսողոմի մոտ։
Դավիթը փախչում է Երուսաղեմից
13Մի լրաբեր եկավ Դավթի մոտ և ասաց. «Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է»։ 14Այն ժամանակ Դավիթն իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին, ասաց. «Վե՛ր կացեք փախչենք, որովհետև մեզ համար Աբիսողոմի ձեռքից ազատություն չի լինի. շտապե՛ք գնալու, գուցե թե նա շուտով հասնի մեզ և չարիք բերի մեր գլխին ու մեր քաղաքը սրի մատնի»։ 15Թագավորի ծառաներն ասացին թագավորին. «Ամեն ինչի, որ բարեհաճում է մեր տեր թագավորը, ահա մենք՝ քո ծառաները, պատրաստ ենք»։
16Թագավորը դուրս եկավ, և նրա ամբողջ տունը՝ նրա ետևից, և թագավորը տասը հարճ կին թողեց տունը պահելու համար։ 17Թագավորը դուրս եկավ, և ամբողջ ժողովուրդը՝ նրա ետևից, և կանգ առան Բեթ-Համերհագում#15.17 Այսինքն՝ վերջին տուն։։ 18Եվ նրա բոլոր ծառաներն անց էին կենում նրա կողքով. բոլոր քերեթիները և բոլոր փելեթիները, բոլոր գեթացիները՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից եկել էին նրա ետևից, անցնում էին թագավորի առջևից։ 19Եվ թագավորն ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ. ե՛տ դարձիր և մնա՛ թագավորի մոտ, որովհետև դու օտարական և տարագիր ես քո տեղում։ 20Քո գալը դեռ երեկ էր, մի՞թե այսօր քեզ տեղից հանեմ, որ գաս մեզ հետ. թող ես գնամ, ուր որ գնում եմ, դու ե՛տ դարձիր և քո եղբայրներին էլ ե՛տ դարձրու. թող ողորմածություն և ճշմարտություն լինի քեզ հետ»։ 21Եթթին պատասխանեց թագավորին և ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է իմ տեր թագավորը, որ այնտեղ, ուր լինի իմ տեր թագավորը՝ թե՛ մեռած և թե՛ կենդանի, քո ծառան էլ այնտեղ պիտի լինի»։ 22Դավիթն ասաց Եթթիին. «Եկ անցի՛ր»։ Եվ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր մարդկանց ու նրանց բոլոր երեխաների հետ։ 23Եվ ամբողջ երկիրը լաց էր լինում բարձր ձայնով, մինչ անց էր կենում ամբողջ ժողովուրդը. թագավորն անց կացավ Կեդրոնի հեղեղատով, և ամբողջ ժողովուրդն անց էր կենում անապատ տանող ճանապարհով։
24Ահա և երևաց Սադովկը, և նրա հետ՝ բոլոր ղևտացիները, որ տանում էին Աստծու ուխտի տապանակը. և նրանք կանգնեցրին Աստծու տապանակը, իսկ Աբիաթարը վեր գնաց#15.24 Ողջակեզ մատուցեց։, մինչև որ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։ 25Եվ թագավորն ասաց Սադովկին. «Աստծու տապանակը վերադարձրո՛ւ քաղաք. եթե ես շնորհ եմ գտել Տիրոջ աչքի առաջ, նա ետ կդարձնի ինձ և ինձ տեսնել կտա այն ու նրա բնակարանը։ 26Բայց եթե նա այսպես ասի, թե՝ “Ես քեզ չեմ հավանում”, ահա ես. թող նա ինձ անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։ 27Թագավորը նաև ասաց Սադովկ քահանային. «Ո՛վ տեսանող, խաղաղությամբ վերադարձի՛ր քաղաք, և քո որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը՝ ձեր երկու որդիները՝ ձեզ հետ։ 28Տեսե՛ք, ես սպասելու եմ անապատի դաշտերում, մինչև որ ձեզանից մի լուր իմանամ»։ 29Եվ Սադովկն ու Աբիաթարը Աստծու տապանակը վերադարձրին Երուսաղեմ, և իրենք էլ մնացին այնտեղ։
30Դավիթը Ձիթենյաց զառիվերով բարձրանում էր վեր, գնում ու լաց էր լինում. և գնում էր գլուխը ծածկած ու ոտքերը բոբիկ, և ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ էր, բոլորն էլ ծածկել էին իրենց գլուխները, գնում էին դեպի վեր ու լալիս։ 31Եվ Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Աքիտոփելը ապստամբների հետ է, Աբիսողոմի մոտ»։ Եվ Դավիթն ասաց. «Աղաչում եմ, ո՜վ Տեր, Աքիտոփելի խորհուրդը ձախողի՛ր»։ 32Եվ երբ Դավիթը հասավ բլրի գլուխը, որտեղ նա երկրպագեց Աստծուն, ահա նրան դիմավորեց արաքացի Քուսին՝ իր պատմուճանը պատառոտած և հող ցանած գլխին։ 33Եվ Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, բեռ կլինես ինձ վրա, 34բայց եթե ետ դառնաս քաղաք և Աբիսողոմին ասես. “Ո՛վ թագավոր, թող ես քեզ ծառա դառնամ, ինչպես ես առաջ քո հոր ծառան էի, հիմա էլ քո ծառան եմ”, այդ դեպքում դու ինձ համար կցրես Աքիտոփելի խորհուրդը։ 35Եվ ահա այնտեղ քեզ հետ կլինեն Սադովկ և Աբիաթար քահանաները, և այն ամենը, ինչ լսես թագավորի տնից, տեղեկացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին։ 36Ահա այնտեղ նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադովկի որդի Աքիմաասը և Աբիաթարի որդի Հովնաթանը։ Նրանց միջոցով էլ ինձ տեղեկացրե՛ք ամեն բան, ինչ լսեք»։ 37Դավթի բարեկամ Քուսին եկավ քաղաք, մինչ Աբիսողոմը մտնում էր Երուսաղեմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy