ՀՈՎՀԱՆՆԵՍ 3
3
Հիսուսը և Նիկոդեմոսը
1Փարիսեցիներից մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ 2Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ 3Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։ 4Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ 5Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ 6Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ 7Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. "Դուք պետք է վերստին ծնվեք"։ 8Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։ 9Նիկոդեմոսը հարցրեց ու նրան ասաց. «Դա ինչպե՞ս կարող է լինել»։ 10Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես ու դա չգիտե՞ս։ 11Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ 12Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ 13Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։ 14Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, 15որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։
16Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ 19Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ 20Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ 21Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել»։
Հովհաննես Մկրտչի վերջին վկայությունը
22Դրանից հետո Հիսուսը և իր աշակերտները եկան Հուդայի երկիր։ Նա նրանց հետ այնտեղ մնաց և մկրտում էր։ 23Իսկ Հովհաննեսը Այենոնում՝ Սաղեմի մոտ էր մկրտում, որովհետև այնտեղ շատ ջուր կար. մարդիկ գալիս էին ու մկրտվում, 24քանի որ Հովհաննեսը դեռ չէր բանտարկվել։
25Եվ ահա Հովհաննեսի աշակերտների և մի հրեայի միջև մաքրության մասին վեճ ծագեց։ 26Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռա՛բբի, նա, որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է, և ամենքը նրա մոտ են գալիս»։ 27Հովհաննեսն ասաց. «Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ 28Դուք ինքներդ վկա եք իմ ասածներին. "Ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել"։ 29Ով հարս ունի, նա է փեսան, բայց փեսայի բարեկամը, որ մոտ է կանգնած ու լսում է նրան, ուրախությամբ է լցվում, երբ լսում է փեսայի ձայնը. արդ այս է իմ ուրախությունը, և այժմ այն կատարյալ է։ 30Նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը՝ փոքրանա։
Ի վերուստ եկողը
31Նա, որ գալիս է ի վերուստ, ամենքից վեր է. իսկ երկրից ելնողը երկրավոր է ու երկրային բաներից է խոսում. երկնքից եկողն ամենքից վեր է։ 32Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ 33Նրա վկայությունն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է։ 34Որովհետև նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքն է խոսում, որովհետև Աստված Հոգին ըստ չափի չի տալիս։ 35Հայրը սիրում է Որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել։ 36Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3: ՆՎԱԱ
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
© Bible Society in Armenia, 2018